Թուրքիան ռազմավարական կամուրջ է Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի միջեւ: Այդ մասին TRT-ին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, որը նախօրեին ժամանել է Ստամբուլ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հավաքին մասնակցելու նպատակով:

Քարտուղարը երախտագիտություն է հայտնել թուրքական զինված ուժերին՝ նշելով նրանց ավանդը Աֆղանստանում իրականացվող խաղաղարար գործողություններին:

Ռասմուսենը նշել է նաեւ, որ Աֆղանստանում առաքելության ավարտին ՆԱՏՕ-ի զորքերն ամբողջությամբ հանվելու են այդ երկրից. «Այս փուլում մեր գլխավոր նպատակը աֆղանական անվտանգության ուժերի ուսուցումն է»:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 5-ին, Ստամբուլում ընթանում է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների խորհրդակցությունը: Նիստին մասնակցում են դաշինքի անդամ 28 երկրների պաշտպանության նախարարներ, որոնք քննարկելու են իրավիճակն Աֆղանստանում եւ ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական պլանը:

Նշենք, որ համաժողովի աշխատանքներին մասնակցում է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: