Մեկ ժամից Վաշինգտոնում կսկսվի ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երդման արարողությունը։ Չնայած ԱՄՆ մայրաքաղաքում սառը եւ ամպամած եղանակին, Կապիտոլիումի շենքի շուրջ, որի աստիճաններին էլ տեղի կունենա արարողությունն, արդեն բավականին շատ մարդ է հավաքվել, հաղորդում է Միացյալ Նահանգներում NEWS.am-ի թղթակիցը։

Իշխանության գնահատականով` երդման արարողությանն ու հաջորդող շքերթին Կապիտոլիումի տարածքում կլինի 500-ից 700 հազար մարդ։ Հիշեցնենք, սակայն, որ 2009 թվականին Օբամայի առաջին երդման արարողությանը ներկա էր քաղաքացիների ռեկորդային թիվ՝ ավելի քան մեկուկես միլիոն մարդ։

Այս օրը Բարաք Օբաման ընտանիքի հետ սկսել է Սպիտակ տան հարեւանությամբ գտնվող Սբ. Հովսեփի եկեղեցու պատարագի այցելությունից։

Ներկայիս երդման արարողությունը տեղի է ունենում «Հավատ Ամերիկայի ապագային» պաշտոնական կարգախոսով։

Արարողությունը կբացի ԱՄՆ-ի Ծովային ուժերի նվագախումբը, որը ԱՄՆ-ի հնագույն պրոֆեսիոնալ նվագախումբն է եւ 1798 թվականին ստեղծվել է Կոնգրեսի հրամանով։ Արարողությունը կշարունակեն Նյու Յորքի Սթեյթն Այլենդի N 22 դպրոցի եւ Թենեսի նահանգի Կոլումբոսի Լի Համալսարանի նվագախմբերը։

Ապա արարողությունը կշարունակի ԱՄՆ-ի ամենատարեց սենատորը` ժողովրդավար Չարլզ Շումերը եւ քաղաքացիական ակտիվիստ Միրլի Էվերս Ուիլյամսը:

Երդմնակալության արարողությունը կշարունակի Բրուքլինի եկեղեցական երգչախմբի ելույթը, որից հետո Գերագույն դատարանի անդամ Սոնյա Սոթոմայորի մասնակցությամբ երդման արարողությանը կբերեն նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին:

Ապա հայտնի ֆոլկ երաժիշտ Ջեյմս Թեյլորը կկատարի  «Ամերիկան հիասքանչ է» հայրենասիրական երգը:

Թեյլորի կատարումից հետո,ԱՄՆ Գերագույն դատարանի ղեկավար Ջոն Ռոբերթսը կընդունի Բարաք Օբամայի երդմնակալությունը: Ի տարբերություն Ֆրանկլին Ռուզվելտի, որը երդման չորս արարողությունը կատարել է նույն Աստվածաշնչի վրա, Բարաք Օբաման կիրականացնի միանգամից երկու Աստվածաշունչների վրա` Աբրահամ Լինկոլնի երդմնակալությունն ընդունած Աստվածաշնչի եւ Մարտին Լյութեր Կինգի «գրպանի» Աստվածաշնչի վրա: