Վաշինգթոնում մեկնարկել է ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությունը` «Հավատ Ամերիկայի ապագայի նկատմամբ» կարգախոսով: Չնայած ցուրտ եւ ամպամած եղանակին եւ կանխատեսվող անձրեւին, Կապիտոլիումի աստիճանների մոտ մի քանի հարյուր հազար մարդ է հավաքվել, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Վաշինգթոնից:

Արարողությունը կբացի ԱՄՆ Ծովային հետեւակի նվագախումբը, որը ԱՄՆ ամենահին պրոֆեսիոնալ երաժշտական նվագախումբն է եւ ստեղծվել է 1798թ., Կոնգրեսի հրահանգով: Արարողությունը շարունակելու են Սթեյթեն-Այլենդի թիվ 22 դպրոցի եւ Կոլամբուսի Լի Համալսարանի նվագախմբերը:

Այնուհետ արարողությունը շարունակել են ԱՄՆ ամենածեր սենատոր Չառլզ Շումերն ու քաղաքացիական ակտիվիստ Միրլի Էվերս-Ուիլյամսը:

Արարողությանը ելույթ կունենան նաեւ Բրուքլինի Եկեղեցական երգչախումբը, որից հետո Գերագույն դատարանի դատավոր Սոնյա Սոտոմայորը երդման կկանչի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին:

Հայտնի ֆոլք-երգիչ Ջեյմս Թեյլորը կկատարի «Ամերիկան հրաշալի է» երգը, ապա Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը կընդունի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդումը: Օբաման երդում է տալու երկու Աստվածաշունչների վրա, դրանցից մեկը օգտագործվել է Աբրահամ Լինքոլնի երդմնակալության արարողությանը, մյուսը` Մարթին Լյութեր Քինգի գրպանի գիրքն էր:

Արարողությունից հետո նախագահ Օբաման, փոխնախագահ Բայդենը, Կոնգրեսի անդամներն ու այլ պաշտոնական անձինք Կապտոլիումի շենքում լանչ կանեն: Կերակրացանկում ընդգրկված են լոբսթեր` սպանախով եւ կարտոֆիլով, Tierce 2009 Finger Lakes գինով, նաե բիզոնի սթեյք` ելակի եւ հապալասի սոուսով եւ կարմիր կաղամբով, կարտոֆիլի պիրոգով եւ պյուրեով: Աղանդերը լինելու է խնձորի թխվածք` պաղպաղակով, եւ պանրի տեսականի:

Լանչից հետո նախագահն ընտանիքի հետ մասնակցելու է Փենսիլվանիա ավենյուով կայանալիք շքերթին: Շքերթին մասնակցելու են ԱՄՆ զորքերի բոլոր տեսակները: