Ոչ մի սենսացիոն բան չկա նրանում, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներն ընտրվել են ԵԽԽՎ փոխնախագահներ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` ի պատասխան հարցին, թե արդյոք այդ փաստը չի առաջացնում հայկական պատվիրակության առարկությունը:
Նրա խոսքով` փոխնախագահներն ընտրվում են խմբերին հատկացված քվոտաներով, եւ ժամանակին այդ պաշոտնն զբաղեցնում էր Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, իսկ հիմա այն անցել է ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին: Նույն կերպ փոխնախագահներից մեկն է ընդունվել նաեւ Թուրքիայի ներկայացուցիչը: Ն. Զոհրաբյանի խոսքով` հայկական պատվիրակությունն առարկություն չունի, քանի որ ռոտացիան կատարվել է ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն:
Պատասխանելով հարցին, թե նստաշրջանի շրջանակում նախատեսվո՞ւմ է հայկական եւ ադրբեջանական պատվիարկությունների հանդիպում, Ն. Զոհրաբյանն ասաց, որ պատվաիրակության ԲՀԿ-ական անդամները` ինքն ու Վահե Հովհաննիսյանը դեմ են նման հանդիպմանը, սակայն մյուսների համար ոչինչ ասել չի կարող:
Նստաշրջանի օրակարգում Հայաստանին վերաբերող հարցերի առկայության մասին հարցին ի պատասխան, Ն. Զոհրաբյանն ասաց, որ ԵԽԽՎ-ում քննարկվող բոլոր հարցերն էլ վերաբերում են նաեւ Հայաստանին, մասնավորապես, մամուլի ազատության հարցերը: Իսկ Հայաստանի վերաբերյալ առանձին զեկույց չի լինի:





























