ԵԱՀԿ Մինսկի խումբը կարեւոր աշխատանք է տանում եւ ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեության վերականգնման կարիք չկա։ Այս մասին հունվարի 21-ին կայացած ասուլիսում հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը։

Նա նաեւ նշել է, որ ամբողջությամբ վստահում է Մինսկի խմբի ջանքերին եւ պարբերաբար հանդիպումներ է անցկացնում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։

Մինյոնը, չցանկանալով բացահայտել այդ հանդիպումների օրակարգն ու բովանդակությունը, հույս է հայտնել, որ մինչեւ Հայաստանի Եվրոպայի Խորհրդում նախագահության ստանձնումը, իրենք կփորձեն առաջ ընթանալ առաջիկա հանդիպումներում Լեռնային Ղարաբաղի հարցում։

ԵԽԽՎ նախագահը նաեւ ասել է, որ ցանկանում է այցելել Հայաստան եւ Ադրբեջան։ «Լավ կլիներ, եթե Հայաստանում ինձ ուղեկցեին Ադրբեջանի ներկայացուցիչները, իսկ Ադրբեջանում՝ Հայաստանի»,- նկատել է նա։