Բրիտանիայի արքայազն Հարին ավարտում է Աֆղանստանում զինվորական ծառայությունը:
Եղիսաբեթ II թագուհու թոռը ծառայություն է անցել Հելմենդ նահանգում` լինելով Apache ռազմական ուղղաթիռի օդաչու: Ծառայության վերջին օրը Sky News-ին տված հարցազրույցում արքայազնը խոստովանել է, որ անձամբ սպանել է թալիբների: «Այո, ինչպես եւ մյուսները», - նշել է նա, գրում է gazeta.ru-ն:
Նա նաեւ պատմել է, թե ինչ է զգացել գրոհայիններին կրակելիս: «Մենք կրակում ենք, երբ ստիպված ենք դա անել, երբ պետք է այլ կյանքեր փրկենք: Ընդհանրապես, ծառայությունն Աֆղանստանում իմ կենսագրության ամենաբնական ժամանակահատվածն է, քանի որ այստեղ ես շարքային զինվորական եմ, այլ ոչ թե արքայազն: Ինձ վերաբերվում են ինչպես բոլորին», - հայտարարել է արքայազն Հարին, մեջբերում է «Առաջին ալիքը»:
Աշնանը հաղորդվել էր արքայազն Հարիի ռազմակայանի վրա «Թալիբանի» գրոհայինների հարձակման մասին։ Այդ միջադեպի հետեւանքով սպանվել էին երկու ամերիկացի զինծառայող: Ավելի վաղ թալիբները հայտարարել էին, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամն իրենց հիմնական թիրախն է:





























