Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը ծառայողական հետաքննություն է սկսել Հայաստանում «Զոլոտայա կորոնա» ռուսական վճարային համակարգի եւ ուկրաինական «Ավերս» համակարգի համագործակցության առթիվ: Այդ մասին հունվարի 21-ին գրել է ռուսական «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով ՀՀ ԿԲ անանուն ներկայացուցչին:

Ըստ հրապարակման՝ ԿԲ-ն կասկածում է, որ, չնայած արգելքին, «Զոլոտայա կորոնա»-ն շարունակում է դրամական փոխանցումներ կատարել դեպի Հայաստան, այդ նպատակով օգտագործելով գործընկերոջ` ուկրաինական «Ավերս» ընկերության սխեմաները:

«Վեդոմոստին» գրում է, որ Հայաստանը 5-րդ տեղն է զբաղեցնում՝ Ռուսաստանից դրամական փոխանցումների առումով (մոտ 1,3 մլրդ դոլար տարեկան): Իսկ «Զոլոտայա կորոնային» բաժին է ընկնում այդ փոխանցումների մեկ երրորդից ավելին:

Հիշեցնենք, որ «Զոլոտայա կորոնային» արգելվել է Հայաստանում գործունեություն ծավալել ՀՀ ԿԲ հոկտեմբերի 8-ի որոշմամբ:

Նշենք, որ «Ավերսի» սեփականատերը ուկրաինական «Ֆինանսներ եւ վարկեր» բանկն է: Բանկի ղեկավարությունը ՀՀ ԿԲ-ին վստահեցրել է, որ «Ավերս» համակարգը երբեք որեւէ մեկին չի «հովանավորել» կամ «ծածկել»:

Այնուամենայնիվ՝ «Վեդոմոստին» գրում է, որ «Ավերսը» ռուսական «Զոլոտայա Կորոնայի» կարեւոր գործըկերներից է:

ՀՀ ԿԲ հասարակայնությայն հետ կապերի վարչության պետ Մերի Շահինյանը NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ իրականում ԿԲ-ն ծառայողական հետաքննություն չի անցկացնում, միայն գրագրություն է տեղի ունեցել, իսկ «Վեդոմոստին» մի փոքր «սրացրել է» ԿԲ-ի կողմից տրված պաշտոնական պարզաբանումը: