Գոհունակությամբ արձանագրում եմ, որ Հայաստանում ընտրական գործընթացը կառուցողական է ընթանում՝ գործող օրենսդրության շրջանակում, ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան: Այդ մասին այսօր՝ հունվարի 22-ին, Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում նշել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության և հասարակական կարգի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի համակարգող Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ նշելով, որ Հայաստանում է գտնվում նախագահական ընտրությունների հետ կապված դիտորդական երկարաժամկետ առաքելությամբ:
Նրա խոսքով՝ ընտրությունների ամբողջ ընթացքում Հայաստանում կգտնվի փորձագիտական խումբ, որը կներկայացնի Ժողովրդավարության, պառլամենտարիզմի եւ քաղաքացիների ընտրական իրավունքի պահպանումը դիտարկող ինստիտուտը, որը ԱՊՀ ՄԽՎ շրջանակում է:
Ստոյանոգլոն նշել է, որ նախորդ տարի Երեւանում ստեղծվել էր այդ ինստիտուտի մասնաճյուղը, որը հսկում էր խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրական օրենսդրության պահպանումը. «Ընտրություններին կհետեւեն ԱՊՀ բոլոր երկրների խորհրդարանների ներկայացուցիչները, սպասվում է 30-35 պատգամավորների ժամանումը, որոնք անմիջականորեն կհետեւեն ընտրական գործընթացին:
Նա նաեւ հավելել է, ոչ բացի ԿԸՀ անդամներից, ԱՊՀ ՄԽՎ ներկայացուցիչները նաեւ հանդիպել են Հայաստանի պետական մի քանի այլ հաստատությունների ներկայացուցիչների հետ, որոնք ընդգրկված են ընտրությունների դիտարկման գործընթացում, ինչպես նաեւ նախագահի թեկնածուների նախընտրական շտաբերի ներկայացուցիչների հետ. «Թեկնածուների նախընտրական շտաբերի ներկայացուցիչների բոլոր դիտողություններն ու ցանկությունները հաղորդվել են ԿԸՀ-ին: Պետք է խոստովանեմ, որ Հայաստանում ընտրական գործընթացը կարգավորող օրենսդրությունը բավական կատարյալ է, եւ այս փուլում իրականացվող աշխատանքը համապատասխանում է գործող օրենսդրությանը»:
Ստոյանոգլոն հույս է հայտնել, որ սպասվող նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին եւ ժողովրդավարական նորմերին համապատասխան կանցկացվեն՝ այդ գործընթացում ընդգծելով մամուլի դերի կարեւորությունը:





























