Հնդկաստանում բռնաբարության կասկածանքով վեց տղամարդ է կալանավորվել: Խոսքն Օրիսա նահանգի պատահարի մասին է: Սեռական բնույթի բռնության է ենթարկվել 25-ամյա մի կին:

Ըստ հնդկական Daily News and Analysis պարբերականի` կասկածյալները հարձակվել են Դանտիամուա գյուղի բնակչուհու եւ նրա ամուսնու վրա հունվարի 20-ին, երբ վերջիններս գնում էին հիվանդանոց` տուժածի եղբորը տեսակցության: Կալանավորվածները տղամարդուն կապել են ծառից եւ նրա ներկայությամբ բռնաբարել են կնոջը:

Տուժածը դիմել է ոստիկանություն, որին էլ հաջողվել է կալանավորել վեց կասկածյալների` մոտակա Բարիպադա քաղաքի 19-ից  33 տարեկան բնակիչների, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ հնդկացիների ուշադրությունը սեւեռվել է նմանատիպ դեպքերի վրա այն բանից հետո, երբ Դելիում 23-ամյա ուսանողուհին դաժան խմբակային բռնաբարության է ենթարկվել ավտոբուսի մեջ, իսկ ավելի ուշ ստացված վնասվածքներից մահացել է հիվանդանոցում: Այդ հանցագործությունը հասրակական լայն քննադատությունների է արժանացել` Հնդկաստանի շատ քաղաքներում ոստիակնության հետ բախման դեպքերով բողոքի ցույցեր են կազմակերպվել: Մարդիկ պահանջել են ոչ միայն գլխատել բռնաբարողներին , այլ նաեւ միջոցներ ձեռնարկել կանանց հանդեպ բռնությունների դեմ պայքարի համար: