Շվեյցարիայի Դավոս քաղաքում, որտեղ հունվարի 23-ին կբացվի Համաշխարհային տնտեսական ֆորումի նստաշրջանը, փակվել է օդային տարածքը: Դավոսից 46 կմ շառավղով բոլոր տեսակի ինքնաթիռների եւ թռչող սարքերի թռիչքների սահմանափակումներն ուժի մեջ են մտել տեղի ժամանակով ժամը 08:00-ին (11:00 Երեւանի ժամանակով) եւ կպահպանվեն մինչեւ նստաշրջանի ավարտը՝ հունվարի 27–ը:
Բացառություն կարվի միայն բարձրաստիճան հյուրերի ինքնաթիռների համար, սակայն նախապես ռազմաօդային ուժերի հրամանատարությունից թույլտվություն է պետք ստանալ: Դավոսի օդային տարածքի պաշտպանությունն ապահովում են F/A-18 օդանավերը:
Անվտանգության խստացված միջոցառումներ են ձեռնարկվում նաեւ ցամաքում: Շուրջ 4 հազար զինվորական օգնում է ոստիկանությանը: Պահպանության տակ է առնվել ոչ միայն քաղաքը, դրա բոլոր ռազմավարական օբյեկտները: Դավոսում եւ նրա շուրջբոլորը կիլոմետրերով փշալարեր են անցկացված:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ֆորումի 43-րդ նիստին կմասնակցեն աշխարհի 100 երկրների կառավարական կառույցների, բիզնես վերնաախվի եւ հասարակական կազմակերպությունների 2,5 հազար ներկայացուցիչ: Դավոսում սպասվում է պետության եւ կառավարությունների 50 ղեկավարների այց: Քննարկումներին կմասնակցեն ընկերությունների 900 ղեկավարներ, քաղաքացիական հասարակական կազմակերպությունների 100 ներկայացուցիչ, տասնյակ միջազգային կազմակերպությունների, 200 լրատվամիջոցների ղեկավարներ, 16 կրոնական առաջնորդներ:




























