Վերաքննիչ քրեական դատարանը այսօր` հունվարի 22-ին, պետք է հրապարակեր որոշումը հանրապետության հրապարակում մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության կազմակերպած նախընտրական միջոցառման ժամանակ փուչիկների բռնկման գործով ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի բողոքի վերաբերյալ, սակայն նիստը հետաձգվել է: NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նիստը հետաձգվել է պաշտպանի` Կարեն Մանուչարյանի արձակուրդում գտնվելու պատճառով:
Մեզ հետ զրույցում եւս Կարեն Մանուչարյանը փաստեց, որ գտնվում է արձակուրդ, եւ փետրվարին կայանալիք դատական նիստին Վերաքննիչ քրեական դատարանը պետք է հրապարակի իր որոշումը:
Իսկ հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 7-ին:
Նշենք, որ Սերոբ Բոզոյանը դեկտեմբերի 7-ին Ֆանարջյանի ուռուցքաբանության կենտրոնում վիրահատվել է միզապարկի քաղցկեղի կապակցությամբ, ավելի վաղ նա նորից էր վիրահատվել այդ կենտրոնում, սակայն հիվանդությունը կրկնվել էր:
Հիշեցնենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ գազով լիցքավորված փուչիկների պայթյունի հետեւանքով այրվածքներ էին ստացել եւ տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 մարդ:
Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաեւ նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ:
Սերոբ Բոզոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը, եւ նա դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման: Սերոբ Բոզոյանը բողոքարկում է վճիռը եւ պահանջում պատժատեսակի փոփոխություն, իսկ եթե պատժատեսակը չփոխվի, ապա գոնե ներկա պատժատեսակի` ազատազրկման պայմանական չկիրառում: «Կա նախատեսված նաեւ տուգանք, եւ դատարանը, հաշվի առնելով նրա անցած կենսագրությունը, կարող է նշանակել եւ պետք է նշանակի տուգանք: Եւ եթե դատարանը, այնուամենայնիվ, նախատեսի որոշակի ժամկետով ազատազրկում, ապա պետք է այդ 1 տարին պայմանականորեն չկիրառվի` հաշվի առնելով նրա առողջական վիճակը, նախկինում դատված չլինելը եւ այլն»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա պաշտպան Կարեն Մանուչարյանը:





























