Ռուսաստանն իր քաղաքացիներին դուրս է բերում Սիրիայից. ԱԻՆ-ի երկու օդանավ մեկնել են Բեյրութ, որպեսզի տեղափոխեն ռուս քաղաքացիների առաջին 50 հոգանոց խումբը, որը ավտոբուսներով Ջեյդա անցակետի շրջանում հատել է սիրիա -լիբանանյան սահմանը:

Երկիրը լքողների մեջ Սիրիայի քաղաքացիների հետ ամուսնացած ռուսներ կան, նաեւ՝ նրանց երեխաներն ու ամուսինները, որոնք ռուսական քաղաքացիություն էին ստացել: Դամասկոսում Ռուսաստանի հյուպատոսության տվյալով՝ Սիրիան ցանկացել է լքել 81 մարդ, հայտնում է BFM.RU-ն:

Բեյրութ են  թռչել Յակ-42  եւ Իլ-76 ինքնաթիռները, որոնք կարող են տեղավորել 100 մարդու: Տարհանվողների բարեկամների համար բացվել է «թեժ գիծ», որտեղ նրանք կարող են ստանալ տեղեկատվական եւ հոգեբանական աջակցություն: 

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում կբացվեն հոգեբանական եւ բժշկական օգնության կետեր, ինչպես նաեւ Դաշնային միգրացիոն ծառայության կետ: