Հայերը ոչ մի ժողովրդի, այդ թվում՝ ադրբեջանցիներին իրենց թշնամի չեն համարում: Այդ մասին այսօր՝ հունվարի 22-ին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ընտրողների հետ հանդիպման ընթացքում նշել է Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը: Նման համոզմունքը, հավելել է նա, բխում է հայ ժողովրդի հազարամյա պատմությունից:
«Չեմ կարծում, թե կգտնվեն մարդիկ, որոնք ադրբեջանցիներին մեր թշնամիներն են համարում: Դա մեր էությունն է: Դա մեր հազարամյա պատմությունն է: Բայց մենք պատրաստ ենք դիմակայել բոլոր նրանց, ովքեր մեզ իրենց թշնամին են անվանում», – ընդգծել է Սարգսյանը: Հայաստանը գրեթե հյուսիսից հարավ սահմանամերձ երկիր է, Սյունիքի բնակիչները հատկապես առավել ծանոթ են պատերազմի զրկանքներին եւ դժվարություններին: «Շրջափակումը եւ սպառազինությունների մրցավազքը գլխավոր մարտահրավերներից են, որոնք ապագայում կձեւավորեն քաղաքական օրակարգը: Մի շարք երկրների կողմից հարցերը ուժի կամ սպառնալիքի միջոցով լուծելու ջանքերը իրական սպառնալիք են տարածաշրջանի ժողովուրդների ապագայի համար եւ մեր կողմից կմերժվեն: Հայաստանի մեկուսացմանն ուղղված ծրագրերը չեն կարող նպաստել տարածաշրջանային զարգացմանը: Մենք կշարունակենք ծանրակշիռ ավանդ ներդնել տարածաշրջանում փոխվստահության ապահովման գործում»,- նշել է Սարգսյանը:
Ըստ նրա՝ Հայաստանի ջանքերն ուղղված կլինեն հայկական բանակի սպառազինմանը եւ մարտունակության ապահովմանը:
«Այդ նպատակների համար նշանակալի միջոցներ են հատկացվում, որպեսզի պաշտպանենք հայրենիքը, եւ, ինչու չէ, հարկ եղած դեպքում՝ արժանի հակահարված հասցնենք», – ամփոփել է նախագահը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























