Շանհայում Shinmei Electric Company ընկերությանը պատկանող գործարանի բանվորները պատանդ են վերցրել ձեռնարկության մենեջերներին եւ նրանց գերության մեջ են պահել օրեր շարունակ, մինչեւ գործին խառնվել են ոստիկանությունն, իսկ կառավարիչները համաձայնվել են զիջումների գնալ:

Ըստ AP-ի, աշխատակիցների դժգոհությունը կապված է եղել գործարանի կառավարության կողմից հաստատված նոր կարգապահական կաննոների հետ: Մասնավորապես, նրանց արտաքնոց թույլատրվում էր գնալ երկու րոպեից ոչ ավել, առաջին ուշացման համար բանվորը տուգանվելու էր ութ դոլարով, իսկ երկրորդի համար աշխատանքից հեռացում էր նախատեսվել:

Աշխատողները գործարանում պատանդ էին վերցրել տասը ճապոնացի մենեջերների եւ ութ չինացի մասնագետների: Ձեռնարկության կառավարությանը հաջողվել է ազատել, երբ գործարան են կանչվել երեք հարյուր ոստիկաններ: Սկսված հրմշտոցի ժամանակ մի քանի բանվորներ թեթեւ վնասվածքներ են ստացել: Արդյունքում էլեկտրական սարքավորումներ արտադրող ձեռնարկության մենեջերները համաձայնվել են չեղյալ հայտարարել խիստ կանոնները եւ նույնիսկ բարձրացնել բանվորների աշխատավարձը, գրում է «Լենտա.ռու»-ն:

Ոստիկանությունն արդեն սկսել է պատահածի հետաքննությունը, քննարկվում է մի խումբ մարդկանց ապօրինի ազատազրկելու համար քրեական գործ հարուցելու հարցը: