ԱՄՆ-ում կրկին կրակոցներ են հնչել. հունվարի 22-ին Թեքսասի Հյուսթոն քաղաքի մոտ գտնվող Lone Star քոլեջում հրազենի կիրառմամբ միջադեպ է տեղի ունեցել:
Ուսումնական հաստատության սաները եւ աշխատակիցները տարհանվել են: Մեկ մարդ հիվանդանոց է տեղափոխվել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Ավելի ուշ Հարիս շրջանի ոստիկանության ներկայացուցիչը ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել երկու երիտասարդների միջեւ: Ըստ նրա` վիրավորվել է երեք մարդ, այդ թվում՝ կրակողներից մեկը: Փոխհրաձգության ենթադրյալ մասնակիցը ձերբակալված է, հաղորդում է Reuters-ը:
Երկրորդ մասնակցին հաջողվել է փախչել: Ոստիկանությունը փնտրում է 18-20 տարեկան սեւամորթ տղամարդու:
Գործակալությունը նաեւ նշում է, որ վերջին երկու շաբաթներին սա ԱՄՆ-ի ուսումնական հաստատությունների տարածքում կրակոցների երրորդ դեպքն է:





























