Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի հրամանատարի` ամերիկացի գեներալ Ջոն Ալենի վրայից Պենտագոնի գլխավոր տեսչական խմբի կողմից կատարված ծառայողական հետաքննության արդյունքում  հանվել են արտամուսնական կապերի մեղադրանքները:

Հիշեցնենք, որ Ալենն այն նույն աղմկահարույց դեպքի մեջ է ընկել, որն անցյալ տարում արժեցել է ԿՀԿ ղեկավար Դեյվիդ Պետրեուսի պաշտոնը: Անցյալ տարվա նոյեմբերին պարզվել է, որ գեներալ Ալենը Տամպայում ակտիվ կերպով էլեկտրոնային փոստով նամակագրության մեջ է եղել 37-ամյա Ջիլ Քելիի հետ:

Հենց նրա գործունեությունը հանգեցրել է նրան, որ հրապարակվել է ամուսնացած Պետրեուսի եւ Պոլա Բրոդուելի սիրային կապը: Այդ գործը քննելու արդյունքում պարզվել է, որ Քելիի հետ գեներալ Ալենը փոխանակվել է մի քանի հարյուր էլեկտրոնային նամակներով:

Այս պատճառով ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դադարեցրել է Ալենի թեկնածության` Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում եւ Ամերիկայի ԶՈւ-ի եվրոպական կառավարման ղեկավարի համար առաջադրման գործընթացը:

Սակայն վերջերս ԱՄՆ ռազմական գերատեսչության գլխավոր տեսուչը Ալենին նամակ է ուղարկել, որտեղ տեղեկացրել է այն մասին, որ հետաքննության արդյունքում ռազմական ղեկավարի վրայից հանվել են բոլոր մեղադրանքները:

ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հաղորդել է, որ  Ալենը լիովին արդարացվել է, ընդ որում խոստովանելով, որ Ալենի եւ Քելիի մի շարք նամակների բովանդակությունը պիտանի չեր թերթերում տպելու համար: Այնուամենայնիվ, Ալենի կողմից կանոնադրության դրույթները խախտելու ապացույցներ չեն գտնվել:

Սա կօգնի Սպիտակ տանը մոտ ժամանակներս վերականգնել ԱՄՆ Կոնգրեսի սենատի հաստատմանն Ալենի թեկնածության առաջադրման գործընթացը: