«Օրենքով գող» Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի սպանությունը հետաքննողներն այժմ «սլավոնական» վարկածն են մշակում, ըստ որի՝ Ուսոյանի հաշվեհարդարը կազմակերպել է Ալեքսեյ Սուվորովը (Պետրիկ), որը կարող էր վրեժ լուծել Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկ) մահվան համար: Որոշ «գողեր» կարծում էին, որ նրա սպանության հետեւում կարող էր կանգնած լինել Դեդ Հասանը:  Գողերի վերսկսված հակամարտության հետեւանքով կարող են նոր զոհեր գրանցվել, բայց ծավալային պատերազմ  հազիվ թե լինի, գրում է «Իզվեստիան»:

Օպերատիվ աշխատակիցները նշում են, որ Դեդ Հասանի սպանության աղմկոտ գործում ուշագրավ մի հանգամանք կա. սլավոնական «օրենքով գողերը» գրեթե արհամարհեցին նրա մահը՝ չմասնակցելով ոչ հոգեհանգստի, ոչ էլ հուղարկավորման արարողություններին: Դեդ Հասանին հրաժեշտ տալու եկածների մեծամասնությունը կովկասցիներ էին: Բացառություն էին միայն Դեդ Հասանի հետ վաղեմի սերտ կապեր ունեցող  օրենքով գող Վասիլի Խրիստոֆորովը (Վոսկրես) եւ նրա երիտասարդ համախոհներից Վիկտոր Ժարինովը (Ցեզար): Որոշ տվյալներով՝ իրենց ենթականերին չմասնակցելու հրահանգ են տվել սլավոնական հեղինակավոր չորս օրենքով գողեր՝ Ալեքսեյ Սուվորովը  (Պետրիկ), Յուրի Եսինը (Սամոսվալ), Ալեքսեյ Զաբավինը (Զաբավա) եւ Սերգեյ Ակսյոնովը (Ակսյոն):

Հրատարակչությունը նշում է, որ Պետրիկը դեռ 2009թ. որովայնի հատվածում ստացած վերքից մահացած Յապոնչիկի դագաղի մոտ երդվել էր գտնել սպանության պատվիրատուին եւ կրակել դարձյալ որովայնին: Մեկ տարի անց Տվերսկայա փողոցում դիպուկահարը կրակել էր Դեդ Հասանին՝ նշան բռնելով հենց որովայնին: Բայց Հասանի վերքը լուրջ չէր եղել:

Վարկածներից մեկի համաձայն՝ զգուշավոր Պետրիկը հարմար պահի էր սպասում Դեդ Հասանից վրեժ  լուծելու համար, որին համարում էր Յապոնչիկի մահվան գլխավոր մեղավորը: Դա կարծելու առիթները քիչ չէին: Ճիշտ է, առերեւույթ Դեդ Հասանն  ու Յապոնչիկը աջակցում էին իրար,  լուրեր էին պտտվում, որ Իվանկովը «պատրիարքի» համար խանգարող անձ է: Ուսոյանը կարող էր նրան վերացնելու որոշում ընդունել՝ ընտրելով հարմար պահը, երբ Յապոնչիկի եւ Տարիել Օնիանիի (Տարո) գողական կլանի հարաբերությունները սրված էին: 2009թ. հիմնական կասկածյալները հենց Տարոն եւ նրա մարդիկ էին:

Չի բացառվում, որ այս տարվա հունվարին 50-ամյա Պետրիկը համանման հաշվարկ է կատարել՝ վերացնելով Դեդ Հասանին: Այս պարագայում կասկածում են հիմնականում ադրբեջանցի «գողերի» առաջնորդ  Ռովշան Ջանիեւին եւ Մերաբ Ջանգվելաձեին, որը Տարոյի կալանքից հետո ղեկավարում է նրա կլանը: Հետաքրքիր է, որ 1990-ականներին Պետրիկը Մոսկվայում կովկասցիների դեմ պայքարի գլխավոր մարտիկն էր համարվում եւ Օրեխովյան խմբավորման առաջնորդ Սերգեյ Տիմոֆեեւի (Սիլվեստր) հետ միասին մասնակցում էր չեչենների եւ կովկասյան այլ հանցախմբերի հետ հաշիվներ պարզելուն:

Այնուամենայնիվ, քննությունը եւ օպերատիվ աշխատակիցներն այս պահին հավաստի տվյալներ չունեն այն մասին, թե հատկապես ով է պատվիրել Դեդ Հասանի սպանությունը՝ Ռովշան Ջանիեւը, Մերաբ Ջանգվելաձեն, Ալեքսեյ Սուվորովը, թե մեկ ուրիշը: Նաեւ ոչ մի նշան չկա, թե մաֆիոզական կլանները գանգստերական խոշոր պատերազմի են նախապատրաստվում: Ազդեցության համար պայքարում կարող են մի քանի «գողեր» զոհվել, սակայն հիմնական մասը հակամարտությունից դուրս կմնա:

Հատուկ ծառայություններում նշում են, որ Դեդ Հասանի սպանությունը եւ դրանից հետո Աբխազիայում «օրենքով գող» Աստամուր Գուլիայի գնդակահարությունը փոխկապակցված  չէին:

Ըստ քննիչների՝ նորահայտ «գողի» մահվան պատճառը կոնֆլիկտն էր, որը ծագել էր նախորդ տարի ամռանը Թուրքիայում՝ նրա եւ 52-ամյա «օրենքով գող»  Մերաբ Պիպիայի միջեւ (Մերաբ Սուխումսկի): Երկու այլ երիտասարդ հեղինակությունների հետ Գուլիան ծեծել էր տարեց «գողին»՝ այդ ընթացքում նրան փորձելով ստիպել, որ ծնկի իջնի. քրեական հեղինակության համար առավել ստորացուցիչ բան չէր կարելի մտածել: Եւ անարգված «գողի» պատասխանը երկար չսպասեցրեց: