«Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի հանրային կապերի պատասխանատուն պատասխանել է նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանի` իր հասցեին հնչեցված մեղադրանքներին: Այս տեքստը Հրանտ Բագրատյանը տեղադրել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Նախագահի այս թեկնածուն յուրաքանչյուր իր ասուլիսի ընթացքում չգիտես ինչու խոսում է ՀՀ նախագահի թեկնածուներից հենց Հրանտ Բագրատյանի մասին: Հրանտ Բագրատյանը հստակ զեկուցել է 15 տարվա ընթացքում ավելի քան երկուսուկես միլիոն դոլար աշխատավարձ ստանալու վերաբերյալ: Ավելին` ժամանակին այդ եկամուտները եւ դրանցից բյուջե մուծված անդորրագրերի պատճենները հրապարակել է մամուլով: Մարդը շուրջ 600 հազար դոլար եկամտահարկ է մուծել պետությանը, ի՞նչ «Marlboro»-ի մասին է խոսքը:
Կոնյակի մասին: Նախ` մի ուղղում, Հրանտ Բագրատյանը խոսել է ոչ թե կոնյակի, այլ ընդհանրապես ալկոհոլային խմիչքների հավաքածուի մասին: Սույն թեկնածուն արդյո՞ք գիտակցում է, որ հավաքածուն վերաբերում է մինյոններին (25-50 գրամանոց շշերի մասին է խոսքը) եւ արդյո՞ք նա հասկանում է, որ Բագրատյանը դրանք հավաքել է հիմնականում «Պեռնո Ռիկար» ընկերությունում աշխատելու ընթացքում ավելի քան 100 ձեռնարկություններ այցելելու կամ ցուցահանդեսներին մասնակցելու ժամանակ: Մնում է հարցնել` ու՞մ խաղերն եք խաղում, իշխանությա՞ն: Հետաքրքիր է` ինչու՞ հենց Հրանտ Բագրատյանը, իսկ մյուս թեկնածունե՞րը»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ էպոսագետ ներկայացող նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը «Առավոտին» ասել էր. «Իսկ մի քանի օր առաջ՝ հեռուստացույցով ասաց, թե 5000 շշից բաղկացած կոնյակների կոլեկցիա ուներ, բայց մնացել է 300-ը: Մարդը 4700 շիշ կոնյակ է խմել ու հպարտությամբ պատմում էր, թե, որն է եղել իր ամենաթանկ կոնյակը…Նա պատրաստվում է նախագահ դառնալ ու եթերով ասում է, թե անցած 10 տարում 4700 շիշ կոնյակ է խմել, դուք հաշվեք թե քանի տոննա սպիրտ է դա անում: Ինձ ինչ, ուզում է թող ցիստեռնով խմի, բայց դա այն մարդն է, որը վարչապետ եղած ժամանակ նույնիսկ «Marlboro»-ի փող չուներ»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























