Դեռահասը, ով անցած շաբաթավերջին ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի տարածքում սպանել էր ընտանիքի հինգ անդամներին, «վիճել էր մոր հետ եւ պատրաստվում էր սպանել պատահական անցորդներին»: Այդ մասին տղան հայտնել է ոստիկանությանը, հայտնում է CNN-ը:

Նշենք, որ միջադեպը տեղի էր ունեցել հունվարի 20-ի գիշերը, Ալբուքերքե քաղաքից ոչ հեռու, գյուղական տեղանքում: Գործով Նեեմիա Գրեգո անունով անցնող դեռահաստ սպանել էր ծնողներին, 9-ամյա եղբորն ու երկու քույրերին:

Շերիֆ Դեն Հյուսթոնի խոսքով, նա սպանությունից հետո ուղեւորվում էր Ալբուքերքե` մարդկանց սպանելու, ապա մեռնելու ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում:

Դրա փոխարեն նա եկեղեցի էր գնացել ընկերուհու հետ: Եկեղեցու աշխատակիցը ոստիկանություն է կանչել, որն էլ ձերբակալել է մարդասպանին: Գրեգո ընտանիքը եւս հինգ երեխա ուներ, որոնք չեն տուժել, քանի որ առանձին էին ապրում: