Ադրբեջանի կառավարության որոշումը եւ քաղաքացիական ինքնաթիռները կործանելու մասին սպառնալիքները հակասում են միջազգային իրավունքին: Այդ մասին այսօր՝ հունվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
«Այս դեպքում շատ դժվար է հիմնվել միջազգային իրավունքի վրա: Չնայած, ցավոք, եթե մեծ փողեր կան, միջազգային իրավունքն էլ կարելի է անտեսել: Իսկ ադրբեջանական քարոզչական ուղղվածությունը ճիշտ հիմքերի վրա է դրված»,- նշել է նա: Ի պատասխան հայկական կողմի համարժեք քայլերի մասին հարցին՝ փորձագետն ընդգծել է, որ հայ բարձրաստիճան անձինք պետք է ակտիվ դիվանագիտական քայլեր ձեռնարկեն եւ աշխուժացնեն տեղեկատվական ոլորտը:
Նախորդ շաբաթ Ադրբեջանի կառավարությունը հայկական ինքնաթիռները կործանելու «հիմք» նախապատրաստող որոշում էր ընդունել, ըստ որի՝ երկրի օդային տարածքից օգտվելու կարգի խախտումներ են համարվում առանց հարցման, առանց համապատասխան օպերատիվ մարմնի թույլտվության, թռիչքների կառավարման կենտրոնի կամ հետապնդող կործանիչի հրահանգներին չհետեւելու, ինչպես նաեւ արգելված գոտիներում թռիչքների կամ սահմանափակ թռիչքների գոտում առանց հատուկ թույլտվության թռիչքները։ Թռիչքը դադարեցնելու վերաբերյալ հրամանը չկատարելու դեպքում հերթապահ ինքնաթիռները կամ ուղղաթիռները օդ են բարձրանում եւ ստիպում խախտում կատարած օդանավերին վայրէջք կատարել մերձակա օդանավակայանում: Եթե օդանավը հրաժարվում է հարկադիր վայրէջքից, ապա, դրանում անմեղ ուղեւորների գտնվելու մասին հստակ տեղեկության բացակայության դեպքում, թույլատրվում է ոչնչացնել այն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























