Բորիս Բերեզովսկու նախկին քաղաքացիական կինը` Ելենա Գորբունովան, դատարանի միջոցով նրանից 5 միլիոն ֆունտ ստեռլինգ է պահանջում՝ Մեծ Բրիտանիայում անշարժ գույքի վաճառքից ստացված գումարից:
Գորբունովան այդ հայցը ներկայացրել էր 2012թ., սակայն այն չէր հրապարակվել` օլիգարխի խնդրանքով: Գերագույն դատարանի դատավոր Ջորջ Մանը ռուս գործարարի դատական գործը հրապարակայնացրել է հունվարի 23-ին` Բերեզովսկու ծննդյան օրը, լրագրողների բողոքից հետո, հայտնում է Telegraph թերթը:
Գործի նյութերից հետեւում է, որ օլիգարխի հետ 20 տարի ապրած եւ նրանից երկու երեխա ունեցած նախկին քաղաքացիական կինը պահանջում է վճարել հինգ միլիոն ֆունտ ստեռլինգ, որը Բերեզովսկին վաստակել էր Սարեյ կոմսությունում 25 միլիոն ֆունտ ստեռլինգ արժեցող իրենց նախկին տան վաճառքից: Կինը նաեւ պնդում է, որ Բերեզովսկին պատրաստվում է եւս երկու անշարժ գույքի օբյեկտ վաճառել Ֆրանսիայի հարավում, որոնք վաղուց խոստացել էր իրեն տալ:
«Եվրոսմի»-ն գրում է, որ Ելենա Գորբունովայի հայցից հետո Գերագույն դատարանի դատավորներից մեկի որոշմամբ սառեցվել էր Բերեզովսկու հաշիվներին գտնվող 200 միլիոն ֆունտ ստեռլինգը: Չորեքշաբթի օրը դատավոր Մանը վճիռն ուժի մեջ էր թողել` նվազեցնելով սառեցված հաշիվների գումարի չափը:





























