Արաբկիր վարչական շրջանի նախկին թաղապետ, Հանրապետական կուսակցության նախկին անդամ, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի ամուսինը` Հովհաննես Շահինյանը անդամակցել է «Օրինաց երկիր» կուսակցությանը: Թե ինչն էր պատճառ, որ բազմաթիվ կուսակցություններից Հովհաննես Շահինյանը ՕԵԿ-ն ընտրեց, նախկին թաղապետը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց. «Պատճառն այն է, որ այդ կուսակցությունը շարունակում է իմ քաղաքական գաղափարների, ծրագրերի իրականացումը, որը համահունչ է նաեւ կուսակցության գաղափարներին, ծրագրերին»: Իսկ թե ՕԵԿ-ի որ ծրագրային դրույթը եւ գաղափարն է վերջինս ամենաշատը հավանել, նա նշեց, որ «ՕԵԿ-ը իր 15 տարվա գործունեության ընթացքում հետեւողական քայլերով գնում է դեպի օրենքի երկրի կառուցում, եւ այն բացառիկ ուժն է, որը, ունենալով խոչընդոտներ, կարողացել է պահել իր քաղաքական դեմքը»:
Ի դեպ, Հովհաննես Շահինյանը տարիներ շարունակ ՀՀԿ անդամ է եղել, կուսակցությունից դուրս է եկել իր դիմումի համաձայն դեռեւս մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ: Հարցին, թե ինչ տարբերություն կա ՕԵԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ, նա նշեց, որ շատ տարբերություններ կան` ծրագրային, գաղափարական, թեեւ ընդհանուր բաներ էլ կան, որը համագործակցության դաշտ է ստեղծում: ՕԵԿ-ը ՀՀԿ-ից նախընտրած նախկին թաղապետը նշեց, որ որեւէ հակասություն իր եւ ՀՀԿ-ական գործընկերների միջեւ չկան: 2013թ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին քաղաքական գործիչը քվեարկելու է Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի օգտին, դեռեւս 2008թ նրա կողքին է, այժմ էլ նրա կողքին կլինի, «զինակիցն է«: Իսկ թե ինչ իմաստ կար լքել ՀՀԿ-ն, եթե պետք է Սերժ Սարգսյանին սատարել, նա նշեց, որ ինքը Սերժ Սարգսյանին ընկալում է որպես պետական, հասարակական, քաղաքական գործիչ, ոչ թե որպես ՀՀԿ ղեկավար:
Հովհաննես Շահինյանը նշեց, որ քաղաքական դաշտում չես կարող քաղաքական համակարգից դուրս գործունեություն ծավալել, եւ եթե ունես ասելիք ծրագրեր, ասելիք, թիմ, պետք է շարունակես քաղաքական ուժի մաս կազմել: Իսկ թե ինչ են խոստացել նախկին թաղապետին ՕԵԿ-ին անդամակցելիս, նա նշեց. «Իմ դեպքում ես տալիս եմ, ոչ թե վերցնում եմ»: Միեւնույն ժամանակ Հովհաննես Շահինյանը ասաց, որ ցանկացած քաղաքական գործչի եւ քաղաքական ուժի խնդիրը իշխանության գալն է, ընդդիմությունը պայքարում է իշխանության գալու համար, իշխանությունը` իշխանությունը պահելու համար: «Ընտրվող համայնքի ղեկավար եմ եղել, ԱԺ նախագահի խորհրդական եմ եղել, ասեմ, որ պաշտոնը զուտ գործիք է ծրագրերը իրականացնելու, դա իմ բարեկեցության եւ կոմֆորտի վրա որեւէ կերպ չի ազդելու»,- ասաց նա` հավելելով, որ կուսակցությունը կորոշի, թե ինքը որտեղ կլինի:
Հարցին, թե ընտանիքում գլխավոր խմբագիր կնոջ հետ տարաձայնություններ չեն առաջանում, ՕԵԿ-ի գործունեությունը լուսաբանելու հետ կապված պահանջներ չեք ներկայացնում, Հովհաննես Շահինյանը նշեց, որ իր կինը քաղաքական խնդիրներից տեղյակ չէ, եւ ՕԵԿ-ին անդամագրվելը իմացել է դրանից հետո միայն: Նա շեշտեց, որ ընտանիքը մնում է ընտանիք, օջախ, որտեղ քաղաքական քննարկումները տեղ չունեն, այնտեղ պահպանում են ընտանեկան ջերմ մթնոլորտը: Ինչ վերաբերում է Սաթիկ Սեյրանյանի` «Ազատ դեմոկարտաներից» հեռացած Արարատ Զուրաբյանի հետ կուսակցություն ստեղծելու մասին տեղեկություններին` Հովհաննես Շահինյանը նշեց, որ դրանք դատարկ խոսակցություններ են, ինքը երբեւիցե չի լսել, որ «Սաթիկը ցանկություն ունի կուսակցություն ստեղծելու»: «Սաթիկ Սեյրանյանը երբեւիցե այդ ուղղությամբ չի մտածել, իսկ թե հետագայում ինչ որոշումներ կունենա, ես իր կողքին եմ»,- ասաց նա:





























