«Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանին ոչ ոք եւ ոչինչ չի ստիպի հետ կանգնել փետրվարի 8-ին թեկնածությունը հանելու, իսկ փետրվարի 7-ից ԿԸՀ-ի մոտ մյուս թեկնածուներին «հացադուլով» դիմավորելու որոշումից: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:
Նա կանխատեսեց, թե ով ինչքան ձայն կհավաքի նախագահական ընտրությունների արդյունքում: «Քանի որ Սերժ Սարգսյանի PR-շիկները հասկանում են, որ չի կարելի վաթսուն տոկոսից ավել ձայն տան, մնացած քառասուն տոկոսը կբաժանեն մնացածների մեջ»,- ասաց նա: Արամ Հարությունյանի խոսքով՝ «Ժառանգության» կուսակցության առաջոնրդ Րաֆֆի Հովհաննիսյանին «կնկարեն» մոտ 20 տոկոսից ավել ձայն, երրորդ տեղի համար վեճը կընթանա Հրանտ Բագրատյանի եւ Պարույր Հայրիկյանի միջեւ, եւ հույս ունի, որ երրորդ տեղը կտան Հայրիկյանին: Նրա կարծիքով՝ չորրորդ տեղը կտան «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին:
Խոսելով իր մինիմալ ծրագրի մասին՝ Հանրապետական կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին քվեաթերթիկում թողնել միայնակ, նա նշեց, որ շատ հարգում է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար, նախագահի թեկնածու Արման Մելիքյանին եւ ուզում է հավատալ, որ կմիանա իրեն: Շատ է հարգում նաեւ քաղաքագետ, հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, բայց քաղաքական փորձառության պակաս ունի, պահանջները հստակ չեն: Արամ Հարությունյանը հանդիպել է հացադուլ անող նախագահի թեկնածուի հետ, սակայն չի կարող ասել, թե ինչպես կպահի իրեն, համենայն դեպս, իր համար զարմանալի կլինի, եթե Անդրիաս Ղուկասյանը չհանի թեկնածությունը: Նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը ուրիշ թեմա է, հնարավոր է, վերջինս հատվածներ ասի «Սասնա ծռեր» էպոսից, իրեն կհամարի Ձենով Օհան, թե Վերգո, բայց ուզում է հավատել, որ իր մղումները ազնիվ են:
Արամ Հարությունյանը ցանկանում է հավատալ, որ իր մաքսիմալ ծրագիըը եւս կիրականացվի եւ Սերժ Սարգսյանը եւս կհանի թեկնածությունը: Նախագահի թեկնածուն հավատացած է, որ Սերժ Սարգսյանին խանգարում է իր շրջապատը, մոտ մարդիկ, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանին խանգարում էր Վազգեն Սարգսյանը եւ Վանո Սիրադեղյանը: Արամ Հարությունյանը պատրաստակամություն է հանել բանավիճել թկենածուների հետ, որոնք կարծում են, որ նախագահական ընտրություններին ճիշտ է մասնակցելը:





























