Վերջին օրերին ԺՀԿ փոխնախագահ Ղ.Մեհրաբյանը եւ քաղաքական խորհրդի անդամ Պ.Գեւորգյանը օրումեջ «հայտարարություններ» են տարածում, որով ոչ միայն անձնական վիրավորանքներ են հասցնում կուսակցության նախագահի հասցեին, այլեւ վարկաբեկում կուսակցությանը ու փորձում են հիմնավորել այսպես կոչված «փաստարկներով», ինչին կուսակցությունը չէր արձագանքում՝ փորձելով վերոնշված ընկերների բարձրացված հարցերին անրադառնալ հերթական քաղաքական խորհրդի նիստում: Այդ մասին ասվում է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
«Հաշվի առնելով հասարակական լայն հնչեղությունը՝ կուսակցության լրատվական ծառայությունը արձագանքում է վերոնշված «հայտարարություններին», մասնավորապես՝ 17.01.2013թ. Ղ.Մեհրաբյանի ներկայացրած մեղադրանքները կուսակցության նախագահի հասցեին, որ իբր իրարամերժ եւ իրականությանը չհամապատասպանող հայտարարություններ է անում ՀԱԿ-ի հասցեին:
Նա, ստանձնելով կոնգրեսի փաստաբանի դերակատարում, նշում է, որ.
1. Իբր 2011թ. ամռանը իշխանության հետ երկխոսության գնալը հավանության է արժանացել մեր քաղաքական խորհրդում:
Կուսակցությունում հարցը իրոք քննարկվել է, եւ մեծամասնությունը՝ դեմ արտահայտվելով երկխոսությանը, այնուամենայնիվ՝ մեր քաղաքական խորհուրդը որոշեց չխոչընդոտել նշված գործընթացին:
Ըստ Մեհրաբյանի վերոնշված որոշումը, նաեւ կոնգրեսի պատվիրակության կազմը ընդունվել է կոնգրեսի նույն քաղաքական խորհրդի նիստում, որին ներկա է եղել, իր համաձայնությունն է տվել եւ ստորագրել է Պ.Մակեյանը:
Այն բացարձակ կեղծիք է, որովհետեւ Պ.Մակեյանը կոնգրեսի քաղաքական խորհրդին սկսել է մասնակցել 2011թ. դեկտեմբերից:
2. Ինչպես հայտնի է 2011թ. հոկտեմբերի հանրահավաքներից մեկում Լ.Տեր-Պետրոսյանը հանդես եկավ ԲՀԿ-ի մասով քաղաքագիտական վերլուծությամբ եւ հայտարարեց, որ այս հարցով կոնգրեսում չկա կոնսեսուս:
Այս կապակցությամբ ԺՀԿ քաղաքական խորհուրդը ունեցել է միասնական կարծիք՝ դեմ է եղել ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, ինչի մասին կուսակցության նախագահը արտահայտվել է հրապարակային: Իսկ այն որոշումը, որը ընդունվել է 2012թ. հոկտեմբերին, որտեղ հնարավորություն է տրվել կոնգրեսի առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանին նախագահական ընտրություններից առաջ բանակցել հավանական դաշնակից քաղաքական ուժերի հետ, կոնկրետ որեւէ ուժ չի առանձնացվել, ինչը եւս Մեհրաբյանը խեղաթյուրել է:
3. Նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չառաջադրելու եւ որեւէ թեկնածուի չսատարելու դեկտեմբերի 26-ի ՀԱԿ քաղաքական խորհրդի որոշմանը Մեհրաբյանը համաձայնություն է տվել, ինչի իրավունքը նա չուներ, քանի որ դեկտեմբերի 25-ին ԺՀԿ քաղաքական խորհուրդը որոշում էր ընդունել նախագահական ընտրությունների ձեւավաչափին անրադառնալ հունվարի կեսերին, ինչը եւ արվել է 2013թ. հունվարի 13-ի քաղաքական խորհրդի նիստով: Ի դեպ, կոնգրեսի 26.12.2012թ. քաղաքական խորհրդի նիստին մասնակցել է նաեւ Պ. Գեւորգյանը, որը կուսակցության կողմից լիազորված չէր եւ իրավունք չուներ մասնակցելու, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ նրա մասնակցությունը օգտագործվում էր կոնգրեսի ներկայացուցիչների կողմից, որ ԺՀԿ-ից տվյալ նիստին մասնակցել են երկու ներկայացուցիչ եւ երկուսն էլ համաձայնություն են տվել վերոնշված որոշմանը:
Մեհրաբյանի կողմից ոչ միայն խեղաթյուրվում է 25.12.2012թ. ԺՀԿ քաղաքական խորհրդի որոշումը, այլեւ բացահայտ կեղծիքի է դիմում՝ հայտարարելով, որ կուսակցության քաղաքական խորհուրդում որեւէ քննարկում չի եղել:
Ինչ վերաբերվում է Ղ.Մեհրաբյանի ու Պ.Գեւորգյանի հունվարի 22-ի տարածած «հայտարարությանը», ապա շրջանցելով կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հասցեին հասցրած անձնական վիրավորանքները, որը թողնում ենք իրենց խղճին, եթե այն դեռեւս մնացել է, կպատասխանենք այսպես կոչված բուն մեղադրանքներին:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության կանոնադրությամբ քաղաքական խորհրդի նիստերը հրավիրում է կուսակցության նախագահը կամ նախագահի համաձայնությամբ՝ փոխնախագահներից մեկը:
Պ.Մակեյանը, ինչպես նաեւ կուսակցությունում, որեւէ տեղեկություն չեն ունեցել դեկտեմբերի 31-ին իրենց կողմից նշված հավաքի մասին:
Այո՛, նախնական պայմանավորվածություն եղել է հունվարի 19-ին քաղաքական խորհրդի նիստ հրավիրելու, բայց հաշվի առնելով 29.12.2012թ. ilur.am-ին Մեհրաբյանի կողմից տրված հարցազրույցը, որտեղ նա իրեն վեր էր դասել կուսակցության քաղաքական խորհրդից եւ կեղծ մեղադրանքներ էր ներկայացրել կուսակցության նախագահի հասցեին, այդ իսկ պատճառով կուսակցության քաղաքական խորհրդի նիստը հրավիրվել է հունվարի 13-ին, ինչի մասին հունվարի 12-ին կուսակցության աշխատակազմի կողմից իրազեկվել է Մեհրաբյանին եւ Գեւորգյանին, բացի դրանից հունվարի 11-ին Պ.Մակեյանը հանդիպել է Մեհրաբյանի հետ եւ համաձայնության է եկել, որ քաղաքական խորհրդի նիստին յուրաքանչյուրը ներկայացնի իրենց մոտեցումները:
Հունվարի 12-ին Պ.Գեւորգյանը աշխատակազմին տեղեկացնում է, որ իրենք ընտանիքով միջոցառում ունեն եւ հունվարի 13-ին գրասենյակը փակ է լինելու:
Ինչ վերաբերվում է կուսակցության նախագահի հասցեին արված այն մեղադրանքին, որ Պ.Մակեյանի գործունեության հետեւանքով է կուսակցությունը հայտնվել փողոցում, մեղմ ասած, բարոյական չէ, նույն ձեւով կարող են ասել, որ այդ գործունեության արդյունքում Պ.Մակեյանը հայտնվեց ճաղերի հետեւում:
Այո՛, կուսակցության կենտրոնական գրասենյակը առգրավվեց վարչախմբի կողմից, որը ինչ-որ ձեւով, միգուցե, հասկանալի է, իսկ, որ կուսակցության դեմ դռները փակվում են ՀԱԿ-ի կողմից, որեւէ ձեւով ընկալելի չէ, եւ ինչու՞ ենք մենք դժգոհում եւ բողոքում վարչախմբից, որ «Ազատության» հրապարակ էին փակում, կամ դահլիճներ չէին տրամադրում ընդդիմությանը, երբ նույն բանը անում է ՀԱԿ –ը, այն էլ իր գործընկերների նկատմամբ:
Մեհրաբյանը եւ Գեւորգյանը ստում են, որ ներկայանում են կուսակցության հիմնադիրներ:
Կուսակցության հիմնադիրներն են 1995-1999թթ. ԱԺ առաջին գումարման «Հայրենիք» պատգամավորական խմբի անդամները՝ կուսակցության հիմնադիր նախագահ Էդուարդ Եգորյանը, Այդին Մորիկյանը, Արմենակ Մկրտչյանը, Գագիկ Ներսիսյանը, Ալեքսան Ավետիսյանը, Սոս Գիմիշյանը, Արմեն Կիրակոսյանը, Էդիկ Սարգսյանը, Հովհաննես Մաթիլյանը եւ Պետրոս Մակեյանը»:





























