Հայաստանի անվտանգության կարեւոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ամրապնդումը եղել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի 2012թ. զեկույցում:
Տարին նշանավորում էր Հավաքական անվտանգության պայմանագրի կնքման 20-ամյակը եւ Կազմակերպության ստեղծման 10-ամյակը:
Մայիսին ՀՀ նախագահի մասնակցությամբ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) հոբելյանական նստաշրջանի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան ծավալուն Հռչակագրով, ուր անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին` նշելով դրա բացառապես խաղաղ միջոցներով կարգավորման անհրաժեշտությունը՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:
Հայաստանի նախագահը մասնակցեց դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում ընդունվեցին մի շարք փաստաթղթեր` նվիրված ռազմական ոլորտում, արտակարգ իրավիճակների եւ տեղեկատվական անվտանգության ասպարեզներում առկա համագործակցության սերտացմանը, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման եւ խաղաղապահ ուժերի ամրապնդմանը:
Սեպտեմբերի 15-19-ը Հայաստանում անցկացվեցին Փոխգործակցություն 2012 համատեղ զորավարժությունները` ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կիրառմամբ:
Հայաստանն իր մանակցությունը բերեց հոկտեմբերին Ղազախստանում «Անսասան եղբայրություն 2012» խորագրով ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություններին։
Տարվա ընթացքում ՀԱՊԿ շրջանակներում կարեւոր տեղ է հատկացվել անդամ երկրների արտաքին քաղաքական դիրքոշումների համադրմանը։
2012թ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան երեք անգամ այցելել է Հայաստան, հանդիպումներ ունեցել երկրի բարձրագույն ղեկավարների հետ։





























