ՀԱՀ-ի հյուսիսում Լիմպոպո գետի վարարման հետեւանքով ֆերմայից մոտ 15 հազար կոկորդիլոս է փախել:
AFP-ը` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները, հաղորդել է, որ ջրի ուժեղ ճնշման պատճառով ստիպված են եղել բացել վանդակների դռները, որպեսզի խուսափեն շինության փլուզումից: Սա էլ հնարավորություն է տվել վտանգավոր սողուններին հայտնվել Լիմպոպոյի ջրերում:
Ֆերմերների խոսքով` սողունների կեսին հաջողվել է վերադարձնել, սակայն դեռ շարունակում են զանգեր ստանալ տեղի անհանգստացած բնակիչների կողմից, որոնք խնդրում են գալ եւ տանել կենդանիներին: Փախստականներից մեկին գտել են դպրոցի` ռեգբիի համար նախատեսված դաշտում`ֆերմայից 120 կիլոմետր հեռու:
Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի` այդ տարածաշրջանում անձրեւային ժամանակահատվածը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերից: Ներկա պահին գետերում ջրերի բարձրությունը հասել է վեց մետրի: ՀԱՀ-ի տարածքում ջրհեղեղի պատճառով զոհվել է 10 մարդ, իսկ հարեւան Մոզամբիկի իշխանությունները խորտակման սպառնալիքի պատճառով ստիպված են եղել դուրս բերել ավելի քան 55 հազար մարդու:





























