Տվյալների փոխանցման շուկայում մենաշնորհացման գործընթաց չկա: Այդ մասին NEWS.am-ին ասաց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նրա խոսքով՝ շուկան ունի երկու կարեւոր սեգմենտ՝ լարային եւ ոչ լարային, ինչը բացառում է մենաշնորհի առկայությունը:
«Լարայինն արդեն սկսել է մրցակցել ոչ լարայինի հետ, լարային կապի շուկան իր հերթին դառնում է ավելի ցանցային ու մրցակցային»,- ասաց Ռ. Յիրիկյանը:
Ինչ վերաբերում է ոչ մեծ պրովայդերների շուկայից դուրս մղվելուն, կամ կլանման գործարքներին, որ տեղի ունեցան նախորդ տարում, Ռ. Յիրիկյանն ասաց, որ աշխույժ զարգացող շուկաներում բնական է, որ որոշ փոքր ընկերություններ կորցնում են դիրքերը կամ «լուծվում են» մեծ ընկերությունների մեջ; «Դա ազատ մրցակցության երեւույթներից մեկն է, որ հատուկ է բոլոր կապիտալիստական տնտեսություններին: Սակայն կան օրենքներ, սահմաններ կարգավորումներ, որ խախտել չի կարելի»,- ասաց Ռ. Յիրիկյանը:
Նրա կարծիքով՝ ոչ լարային տեխնոլոգիաները չեն կորցնի իրենց մասնաբաժինը շուկայում, եւ դուրս չեն մղվի լարային տեխնոլոգիաների կողմից; Ըստ Ռ. Յիրիկյանի՝ մեր երկրում տվյալների փոխանցման բոլոր տեսակի տեխնոլոգիաներն էլ առկա են, ինչը առողջ մրցակցության վկայություն է:





























