Միգրացիայի միջազգային կազմակերպության Վիլնյուսի գրասենյակի եւ Եվրոպական միգրացիոն ցանցի կողմից իրկանացված հետազոտությունները  ցույց են տվել, որ լիտվացի կանայք  ցանկալի հարսնացուներ են նախկին ԽՍՀՄ-ի  հարվային մասի եւ անգամ Պակիստանի տղամարդկանց համար, ովքեր ձգտում են ԵՄ-ում կացության իրավունք ձեռք բերել, հաղորդում է «15min»-ը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ տղամարդիկ պատրաստ են վճարել այնքան, որքան անհրաժեշտ է լիտվուհիներին խելքահան անելու, գնալու Լիտվա եւ հաստատվելու այնտեղ: Նրանք կվճարեն այնքան, որքան հարկավոր է փաստաթղթերը ձեւակերպելու համար, հետո կմեկնեն Գերմանիա կամ Մեծ Բրիտանիա, որոնց մասին չէին էլ կարող երազել, եթե չամուսնանային լիտվուհիների հետ:

Տարվա ընթացքում  օտարերկրացիների ժամանման եւ բնակության մինչեւ  1500 դեպքը  խախտում է համարվում, տարեկան եւս 2000 օտարերկրացու  չեն թողնում Լիտվա:  Սակայն անգամ կոշտ քաղաքականության պարագայում ավելանում է կեղծ ամուսնությունների թիվը` որպես ԵՄ այդ երկրում բնակություն հաստատելու միջոց:

Ըստ ուսումնասիրության` կեղծ ամուսնությունների խնդիրն առավել սրվել է Լիտվայի` 2007թ. Շենգենյան գոտի մտնելուց հետո: Հիմնականում կեղծ ամուսնություններ են գրանցվում Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիների հետ:

2008–2011 թթ. զեկույցում նշվում է նաեւ, որ կեղծ ամուսնություններ են գրանցել նաեւ Ադրբեջանից մեկ կին եւ երկու տղամարդ, ինչպես նաեւ մեկ հայ տղամարդ: