Հայաստանի երիտասարդական պալատը ներկայումս վերածվել է բազալտի հանքի: Այդ մասին այսօր` հունվարի 28-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Երիտասարդական պալատի («Կուկուռուզնիկ») հեղինակ, վաստակավոր ճարտարապետ, Ճարտարապետների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Հրաչ Պողոսյանը: 

Ըստ նրա` Երիտասարդական պալատի շենքն այնքան էլ վատ վիճակում չէր, որ այն քանդեին: «Անհրաժեշտ էր վերականգնել, այլ ոչ թե քանդել: Չի կարելի ոչնչացնել մշակութային հուշարձանները, պետք է պահպանել մեր քաղաքի դեմքը: Այսօր Երիտասարդական պալատի տեղում բազալտի հանք է գոյացել:  Եվ դա մեր քաղաքի կենտրոնում: Ինչպես կարելի է նման բան թույլ տալ», - նշել է ճարտարապետը:

Հրաչյա Պողոսյանը հայտնրել է, որ շենքը քանդելու որոշումն ընդունվել էր առանց նոր շինության որեւէ նախագիծ ունենալու:  «Թեպետ Երեւանի գլխավոր ճարտարապետը նամակով քաղաքապետարան էր դիմել, մեր քաղաքի ճակատագիրը մինչ օրս  անուշադրության է մատնված», - հավելել է նա` հիշեցնելով, որ Երիտասարդական պալատը կառուցվել էր 1980թ. եւ ամբողջությամբ քանդվել 2005թ.: