Կառավարական թիվ 2 շենքը պետական խորհրդանիշներից է: Այդ մասին այսօր` հունվարի 28-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Երիտասարդական պալատի հեղինակ, վաստակավոր ճարտարապետ, Ճարտարապետների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Հրաչ Պողոսյանը: 

«Իհարկե, կարելի է Հայաստանի արտգործնախարարության շենքը վերածել հյուրանոցի, այն դրանից չի տուժի, սակայն հարկավոր է հաշվի առնել նաեւ տվյալ մտադրության գաղափարական կողմը», - նշել է ճարտարապետը:

Նա նաեւ ընդգծել է, որ Հանրապետության հրապարակում գտնվող թիվ 2 կառավարական շենքը ասոցացվում է մեր երկրի պետական խորհրդանիշների  հետ, եւ դրանք պետք չէ կորցնել:

Խոսելով փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունների մասին` ճարտարապետը նշել է, որ թեկնածուները պետք է լինեն այդ պաշտոնի բարդությունը եւ պատասխանատվությունը գիտակցող մարդիկ,  եւ հավելել, որ անհրաժեշտ է հանգամանորեն մտածել երկրի ապագայի մասին: