Սովորաբար բանակը դիտարկում են որպես զուտ ազգային անվտանգությունն ապահովող միջոց: Պացիֆիստները գուցե բանակը դիտարկեն որպես ավելորդություն: Իրականում ռազմական ծախսերը նաեւ մեկ այլ կարեւոր դերակատարում ունեն՝ տնտեսական զարգացման հզոր խթան են: Բանակ պահել նշանակում է՝ կերակրել, հագցնել եւ զինել զինվորին: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է՝ մասնավոր բիզնեսին հզոր եւ կայուն պատվերներ: Դա նշանակում է՝ նորարարությանն ուղղված ներդրումներ:

Այսօր Հայաստանում շատ են վիճում այն մասին, որ տնտեսությունում պետք է պահանջարկ խթանել՝ արագ տնտեսական աճ ապահովելու համար: Այնինչ պահանջարկը խթանելու ամենատարածված ձեւերից մեկը ռազմական պատվերների ավելացումն է: 60-ական եւ 70-ական թվականներին այս միջոցը մեծ տարածում գտավ Արեւմուտքում: Պատահական չէ, որ ԱՄՆ-ը այսօր էլ աշխարհի ամենառազմականացված պետությունն է՝ 720 մլրդ դոլար ռազմական բյուջեով; Համեմատության համար՝ ԱՄՆ ռազմական բյուջեն 5 անգամ գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Չինաստանի ռազմական բյուջեին (մոտ 143 մլրդ դոլար), եւ մոտ 10 անգամ՝ Ռուսաստանի ռազմական բյուջեին (մոտ 72 մլրդ դոլար): Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի տարեկան ռազմական ծախսերը մոտ 63 մլրդ դոլարի շրջանակներում են: Ըստ որոշ գնահատականների՝ Աֆղանստանում եւ Իրաքում պատերազմներն օգնել են ԱՄՆ-ին՝ 2003-6 թվականներին ունենալ տնտեսական բարձր աճ:

Ըստ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի վերջին տարեկան զեկույցի՝ աշխարհում ռազմական ընդհանուր բյուջեն մոտ 1.7 տրլն դոլար է, իսկ զենքի միջազգային առետուրը՝ մոտ 420 մլրդ դոլար:  

Ըստ Ստոկհոլմի ինստիտուտի տվյալների՝ 2011 թ. Հայաստանի ռազմական բյուջեն մոտ 400 մլն դոլար է, Վրաստանինը՝ 450 մլն դոլար, Ադրբեջանի ռազմական բյուջեն ՝ մոտ 2.8 մլրդ դոլար է: Թուրքիան ռազմական նպատակներով տարեկան ծախսում է մոտ 15-16 մլրդ դոլար:

Սակայն հարկ է նշել, որ ռազմական ծախսերի չափից ավելի ուռճացումը պարունակում է որոշակի վտանգներ: Եթե բանակը խլում է այն ռեսուրսը, որը կարող է ծառայել տնտեսության քաղաքացիական հատվածի զարգացմանը՝ապա ընդհանուր տնտեսական զարգացումը կարող է դանդաղել կամ կանգ առնել: Պատահական չէ, որ 2008-9 թ.թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ աշխարհում ռազմական ծախսերի աճը գրեթե կանգ առավ, իսկ մի շարք երկրներում՝ նույնիսկ նվազեց: Կառավարություններն այլեւս չեն ցանկանում ռազմական բյուջեների ավելացումն օգտագործել պահանջարկ խթանելու նպատակով, մասամբ այն պատճառով, որ սպառազինությունների շուկան արդեն գերհագեցած է: Բացի այդ՝ ժամանակակից բանակները կարեւորում են զենքի ժամանակակից տեսակները, իսկ դրանց արտադրությունը կենտրոնացած է միայն մի քանի երկրներում; Այդ պատճառով սպառազինությունների մրցավազքը փոքր եւ միջին երկրներում միշտ չէ, որ դրական հետեւանքներ է ունենում տնտեսության վրա:

Պատրաստեց՝ Սամվել Ավագյանը