Իտալիայի հյուսիս-արեւելքում գտնվող «Ավիանո» կայանից հունվարի 28-ին օդ բարձրացած ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը հունվարի 29-ի գիշերը անհետացել է ռադիոտեղորոշիչ սարքերի էկրաններից` Ադրիատիկ ծովի երկնքում, հայտնում է  AFP-ն` վկայակոչելով իտալական լրատվամիջոցներին: 

Ըստ վերջիններիս տվյալների` կործանիչի օդաչուն տեղական ժամանակով ժամը 20.00-ին (Երեւանի ժամանակով`23.00) հաղորդել է ինքնաթիռի անսարքությունների մասին: Դրանից հետո ռադիոկապն ինքնաթիռի հետ ընդհատվել է:

Իտալական ANSA գործակալությունը հայտնում է, որ  կործանիչն այլեւս կապ չի հաստատել եւ, ամենայն հավանականությամբ, ընկել է Ադրիատիկ ծովը` հյուսիսային Իտալիայի ափերի մոտ:

Ծովում  F-16-ի որոնումները շարունակում են «Ավիանոյի» ինքնաթիռները եւ ափային փրկարարական ծառայությունը: 
«Ավիանոյում» է տեղակայված ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի 31-րդ թեւը, նշում է  «lenta.ru»-ն: