Ղազախստանում հունվարի 28-ի երեկոյան ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի ուժգնությունը 6,6 մագնիտուդ է եղել: Էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 225 կմ հարավ-արեւելք, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորությունում: Ալմաթիում զգացվել են 4-5 բալ ուժգնությամբ ցնցումներ:
Ավելի ուշ նույն շրջանում գրանցվել են 4,5, 4,7 եւ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ: Դրանք զգացվել են Կեգեն եւ Նարինկոլ բնակավայրերում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը ճեպազրույցի ընթացքում Ալմաթիի արտակարգ իրավիճակների բաժնի պետի տեղակալ Նուրլան Մադյարովը հայտնել է, որ ուժեղ երկրաշարժից հետո քաղաքում ավերածություններ չկան:
Ըստ սեյսմոլոգիայի ինստիտուտի տնօրեն Տանատկան Աբականովի` էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը կազմել է 7 բալ, իսկ Ալմաթիում`4 բալ:
Աբականովը նաեւ հայտնել է, որ հիմնական երկրաշարժից հետո գրանցվել են նվազ ուժգնությամբ հետցնցումներ: Նա նշել է, որ դրանք կկրկնվեն հաջորդ մի քանի օրերին:




























