Հայաստանի ոստիկանությունն, օրենսդրության պահանջների համապատասխան, հրապարակում է Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաեւ յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը:
Նշենք, որ ըստ Ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` Հանրապետության նախագահի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ եւ քվեարկության նախորդ օրը ոստիկանությունը պետք է հրապարակի այդ թվյալները:
Այսպես, քվեարկության օրվանից 20 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է` 2.507.004, որից.
- այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված եւ ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 135,
- Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 2.
-քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված եւ ընտրական տեղամասում քվեարկող ոստիկանների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 0.
- ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 0:
Նշենք, որ բազմաթիվ փորձագետներ եւ քաղաքական գործիչներ հայտարարել են, որ այդ թվերն ուռճացված են եւ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանից արտագաղթը շարունակվում է, իսկ ընտրողների ցուցակներում ընդգրկված անձանց թիվն` աճում:





























