Հայ ընտրողները բավական մեծ հետաքրքրություն են ցուցաբերում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հանդեպ: Քարոզարշավի այս փուլում ընտրությունների օրը սպասվում է 61 տոկոս մասնակցություն +/- 3,1 տոկոս սխալի լուսանցքով: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Gallup Organization-ի ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիշաուսկենեն:
«ArmNews» հեռուստաընկերության Baltic Surveys/Gallup Organization-ի եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի կողմից անցկացվել է «Հայ ընտրողների տրամադրվածությունը Նախագահական ընտրություններից առաջ-2013» նախագծի երկրորդ հարցումը: Այն անցկացվել է Հայաստանի բոլոր մարզերում հունվարի 15-23-ը ընկած ժամանակահատվածում: Հարցումն արվել է «դեմ առ դեմ» սկզբունքով ընտրողի տանը, դրան մասնակցել է հանրապետական ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի 1020 չափահաս բնակիչ:
Նրանց 39 տոկոսը նշել է, որ հաստատ մասնակցելու է ընտրություններին: Այս ցուցանիշը, դեկտեմբերին կատարված հարցման ցուցանիշի համեմատ, նվազել է: 43 տոկոսը նշել է, որ «հավանաբար կընտրի»: Ռասա Ալիշաուսկենեն նշեց, որ պետք է հաշվի առնել, որ համապետական հարցման ժամանակ հարցում են անցկացրել միայն Հայաստանի այն քաղաքացիների շրջանում, որոնք փաստացի գտնվում են երկրում, մինչդեռ ընտրական ցուցակը ներառում է նաեւ նրանց, ովքեր արտասահմանում են:
«Վերջին ընտրությունների մասնակցությունը բարձր արտագաղթի ցուցանիշ ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, սովորաբար ցածր է քան այն թվերը, որ ցույց են տալիս համապետական հարցումները, բացառությամբ՝ արտագաղթողների»,- ասաց նա:
Երրորդ հարցումը նախատեսվում է անցկացնել փետրվարի 9-ին:





























