18-ամյա ավստրալացի Մեթյու Ալենն ինը շաբաթ անտառում է անցկացրել՝ չցանկանալով վերադառնալ տուն: Այդ ամբողջ ընթացքում նա ոչինչ չի կերել, խմել է քիչ եւ մշտապես բաց տարածքում է եղել Ավստրալիայի ռեկորդային տապի պայմաններում:

Երիտասարդն անհետացել էր նոյեմբերի վերջին: Մեթյուն իր բջջայինը, բանկային քարտերը եւ հագուստը տանն էր թողել: Ոչ ոստիկանությունը, ոչ կամավորները դեռահասի հետքն այդպես էլ չէին հայտնաբերել:

Կորած երիտասարդին  գտել են տեղի անտառում հանգստացող երկու զբոսաշրջիկներ: Հյուծված,  միջատներից խայթված  դեռահասը պառկած էր եղել սեփական տնից 2 կմ  եւ բնակելի տներից 200 կմ հեռու՝ վայրի թփուտներում: Զբոսաշրջիկներն անմիջապես շտապօգնություն եւ ոստիկանություն են կանչել: Ըստ բժիշկների՝ Մեթյուն  ջրազրկված, հյուծված է եղել: Բացի դրանից, երիտասարդը կիսով չափ կուրացել է, իսկ ոտքին փտախտ է սկսվել:

Բժիշկները զարմանում են, թե ինչպես է նա կարողացել ողջ մնալ  առանց ծածկի, երբ ջերմաստիճանը հասնում է մինչեւ 46 աստիճանի, գրում է NEWSru.com-ը:

Թե ինչու է դեռահասը տնից հեռացել, հայտնի չէ: Նրա ընկերներից մեկը պատմել է, որ «Մեթյուն ցանկանում էր փախչել նախկին կյանքից եւ չէր ցանկանում, որ իրեն գտնեն»: