Իտալիայի հյուսիսում գտնվող Լյորետ դե Մարի փոխքաղաքապետ Ջոզեպ Վալսն այսօր` հունվարի 29-ին, կալանավորվել է փողերի լվացման եւ, այսպես կոչված, «ռուսական մաֆիայի» հետ առնչություններ ունենալու մեղադրանքներով:

Ավելի վաղ քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները հակակոռուպցիոն դատախազության ներկայացուցիչների հետ միասին կալանավորել էին 4 մարդու, այդ թվում «ռուսական մաֆիայի» ենթադրյալ ղեկավարներից մեկին` Անդրեյ Պետրովին:

Այս կալանավորումները շարունակությունն են Պետրովի դեմ հարուցված գործի, ով մեղադրվում է փողերի լվացման, փաստաթղթերի կեղծման, ինչպես նաեւ տեղի իշխանությունների հետ կոռուպցիոն կապերի մեջ:

Հունվարի 28-ին Պետրովը, ում դատավորը մերժել էր գրավի դիմաց ազատ արձակել, դատարանին հայտնել է, որ ինքը վճարել է նախկին քաղաքապետ Խավյեր Կրեսպոյի երկու անգամ Ռուսաստան կատարած այցելությունների ծախսերը: Կրեսպոն հերքել է որեւէ նվեր կամ դրամական միջոցներ վերցնելու փաստը, սակայն խոստովանել է, որ Պետրովը վճարել է իր Ռուսաստան այցելությունը, որտեղ ծանոթացել է նրան պատկանող ընկերությունների գործունեությանը եւ Լյորետ դե Մարում դրանց գործելու հնարավորությանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Վալսը եղել է քաղաքապետ Կրեսպոյի քաղաքային շինարարության գծով տեղակալը, նրան կալանավորել են այսօր`իր տանը: