Հայաստանում նախագահական ընտրություններից անմիջապես հետո տարբեր հարուստ խմբավորումներ կսկսեն միմյանց կոկորդ կրծել: Այս մասին, այսօր` հունվարի 29-ին, ասուլիսում հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Տարբեր ուժային կենտրոններ ներկայացնող այդ խմբերի միջեւ պայքարը վաղուց է սկսվել: Ներկայումս նրանց միջեւ «ընտրական հրադադար» է հաստատվել եւ փոխադարձ կոկորդ կրծելու գործընթացը կշարունակվի ընտրություններից անմիջապես հետո, երբ այդ խմբերը կփորձեն ամրապնդվել: Իդեալական կլիներ, եթե ոչ ոք այդ գործընթացի մեջ չմտներ, մենք չպետք է խանգարենք նրանց այդ կարեւոր գործում»,-նշել է Մանուչարյանը:
Հարցին, թե այդ գործընթացների ֆոնին հնարավո՞ր է բարդ հետընտրական իրավիճակ ստեղծվի, ինչպես դա եղավ 2008-ի մարտի 1-ին, Մանուչարյանը պատասխանեց, որ չի կարծում, թե նման բան է «ծրագրված Հայաստանի համար»:
Միաժամանակ նա հավելել է, որ ներկայումս համաշխարհային ուժային կենտրոնները դաժան պայքար են ծավալում տարածշարջանի համար եւ եթե այդ կենտրոններից մեկն իրեն խաբված զգա կամ դժգոհ մնա Հայաստանում իր ունեցած դիրքից, հետընտրական հուզումներ լրիվ հնարավոր են:
Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am





























