Հայաստանում 2012 թվականին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքերը նվազել են: Այդ մասին այսօր` հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` ներկայացնելով 2012թ. զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին:
«2012-ին գրանցվել է լրագրողների եւ լրատվամիջոցների հանդեպ ֆիզիկական բռնության 4, (3-ը` մայիսին կայացած խորհրդարանական, 1-ը` սեպտեմբերին ՏԻՄ ընտրությունների ժամանակ): Արձանագրվել է ճնշումների 37 եւ տեղեկատվություն ստանալու ու տարածելու իրավունքի խախտման 23 դեպք` 2011թ. արձանագրված, համապատասխանաբար՝ 5, 49 եւ 7 դեպքի դիմաց»,- ասել է Աշոտ Մելիքյանը:
Վերջինիս խոսքով, նախընտրական շրջանում լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերը աճելու միտում ունեն, անցած տարին էլ բացառություն չի եղել, սակայն, համենայնդեպս, 2007թ. համեմատ լրջորեն նվազել է:
Նվազել է նաեւ լրատվամիջոցների դեմ դատական հայցերի թիվը: Աննախադեպ է եղել 2011 թվականը, երբ լրատվամիջոցների դեմ 36 հայց էր ներկայացվել, իսկ 2012-ին, ըստ բանախոսի, ներկայացվել է ընդամենը 16 հայց, որոնցից միայն մեկն է ներկայացրել քաղաքական գործիչը, այն էլ բլոգերի դեմ:





























