Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ անդամ, գործարար Ալբերտ Երիցյանն արտասահմանից եկել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Ալբերտ Երիցյանը:
«Ինչի մասին է խոսքը. նախագահական ընտրություններում սատարելու եմ Սերժ Սարգսյանին: Ես ինքս այսօր Սերժ Սարգսյանին մրցակից չեմ տեսնում, նրա կալիբրի քաղաքական գործիչ չեմ տեսնում: Բայց մեր ժողովրդի մեջ կարծրատիպ կա, որի համաձայն ամեն մեկն իր հերթին ուզում է նախագահ դառնալ»,- արձագանքեց Ալբերտ Երիցյանը:
Հարցին, թե ինչո՞վ է զբաղվում ներկա դրությամբ, Երիցյանը պատասխանեց. «Այս պահին ոչ մի բանով չեմ զբաղվում, բայց մոտ 20 օր է հատուկ եկել եմ, որ իմ հնարավորության սահմաններում սատարեմ Սերժ Սարգսյանին: «Երիցյան եւ որդիներ» սուպերմարկետն եմ տնօրինում եւ դրանից բացի ոչ մի բանով չեմ զբաղվում: Քաղաքականություն վերադառնալու ցանկություն էլ չունեմ: Ես ծնված օրվանից եղել եմ գործարար ու մնում եմ գործարար»:
Վերջինս նաեւ նշեց, որ ինքն այս ընթացքում կոնկրետ մի վայրում չի եղել, այլ ճանապարհորդել է:





























