Զիմբաբվեում բյուջետային աշխատողների աշխատավարձերը տալուց հետո պետական գանձարանում 217 դոլար է մնացել: Այդ մասին տեղեկացրել է երկրի ֆինանսների նախարար Թենդայա Բիտին: Նա նաեւ նշել է, որ այդ բյուջետային աշխատողներից ոմանց բանկային հաշվին ավելի շատ գումար է եղել, քան պետական գանձարանում, հայտնում է lenta.ru-ն:
Արեւելյան Աֆրիկայի այդ երկրի կառավարությունը եւս հայտարարել է, որ այս տարի կայանալիք սահմանադրական հանրաքվեի եւ նախագահական ընտրությունների ֆինանսավորման հնարավորություն չկա, գրում է gazeta.ru-ն:
Business Day-ը նշում է, որ ընտրություններն անցկացնելու համար երկրին 104 մլն դոլար է անհրաժեշտ: Ըստ ֆինանսների նախարարի՝ խնդիրը կլուծվի միայն միջազգային հանրության օգնությամբ:
Rbc-ն նշում է, որ Զիմբաբվեի տնտեսությունը սկսեց անկում ապրել դեռեւս հազարամյակի սկզբին, երբ երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեն սկսեց խլել սպիտակամորթ ագարակատերերի հողերը: Դա շղթայական ռեակցիա առաջացրեց, ներդրողները կորցրին վստահությունը, արդյունաբերությունը դադարեց, երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին, զբոսաշրջիկների հոսքը դադարեց:





























