Հայաստանում «Երաժշտությունը հանուն խաղաղության» բարեգործական ծրագրի շրջանակում ռուս հայտնի երաժիշտների՝ միջազգային մրցույթների դափնեկիր Վիտալի Վատուլիի եւ Մարիա Նեմցովայի համերգներն են տեղի ունենում:
Ա. Խաչատրյանի անվան կամերային տրիոյի մասնակից Արմինե Գրիգորյանն այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողներին հայտնել է, որ Հայաստանում նախագիծն իրականացվում է դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հետ գործընկերությամբ:
«Մեր տրիոն, բացի համերգային գործունեություն ծավալելուց, նաեւ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հիմնադիրն է: Այդ պատճառով էլ մենք շատ շնորհակալ ենք մեր գործընկերներին, որ նրանք անմիջապես արձագանքել են Հայաստանը եւ Արցախը մեր նախագծում ներառելու առաջարկությանը», - ասել է նա:
Ըստ Մարիա Նեմցովայի՝ երաժիշտների կողմից մտահղացված եւ իրականացվող նախագծի նպատակն է համերգային գործունեությունը մարզերում: «Երաժշտությունը կարող է թեթեւացնել ցավը եւ անդորր պարգեւել, գոնե՝ հոգեկան», - ասել է նա:
Նախագծի շրջանակում Վանաձորում արդեն կայացել է համերգ եւ վարպետության դաս, որտեղ երաժիշտները խոսել են ոչ միայն իրենց փորձի մասին, այլեւ լսել երիտասարդ հայ երաժիշտների կատարումները: Համերգներ եւ վարպետության դասեր կանցկացվեն նաեւ Երեւանում, Էջմիածնում եւ Ստեփանակերտում: Առավել աչքի ընկած պատանի երաժիշտները Մոսկվայում եզրափակիչ մեծ համերգին մասնակցության հրավեր կստանան:
Հավելենք, որ այս տարի «Երաժշտություն հանուն խաղաղության» նախագծի համերգները տեղի կունենան Հարավային եւ Հյուսիսային Օսիայում, Սերբիայում, Մոնտենեգրոյում, Կոսովոյում, Իսրայելում, Թունիսում եւ, հավանաբար, Լիբանանում:





























