Այսօր` հունվարի 30-ին, կայացել է Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Էթիկայի հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Նիստի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պարզաբանումներ է ներկայացրել: Հովհաննես Սահակյանը նշեց, որ հայտնի չէ, թե երբ այդ հարցը կքննարկվի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ռազմավարական մշակումների կենտրոն» ՀԿ-ն դիմել է Ազգային Ժողովի Էթիկայի հանձնաժողովին` առաջարկելով քննել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի վարքագիծը:
«Ռազմավարական մշակումներ կենտրոն» ՀԿ-ն իր դիմումում անդրադառնում է աղմկահարույց տեսանյութին, «ըստ որի՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը, անձամբ, այն էլ մեծ ոգեւորությամբ, պատմում էր, որ հանդիսանում է տարածքների խոշոր սեփականատեր եւ շարքային բրոքերի նման հեռախոսով բանակցում էր վարձակալության պայմանների շուրջ, առաջարկում էր տարածքներ եւ ոչ միայն չէր թաքցնում իր ով լինելը, այլ անգամ նշում էր, որ ինքը «ճանաչված այր» է ու իր հետ համագործակցելը «շահավետ» կլինի։ Թե ինչպես են նշված տարածքները դարձել այդ ընտրյալի քողարկված սեփականություն, կարծում ենք, պետք է պարզեն իրավապահ մարմինները: Հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում սա, իրոք, ուսումնասիրման առանձին թեմա է, առավել եւս, որ այս առումով վերջինիս սենսացիոն բացահայտումները ոչ այլ ինչ են, քան ինքնախոստովանական ցուցմունք կոռուպցիայի վերաբերյալ:





























