Հայաստանի նախագահ դառնալով՝ առաջին հերթին կկրճատեմ պետության ղեկավարի եւ նրա աշխատակազմի բյուջետային ծախսերը, արմատախիլ կանեմ «ատկատների» համակարգը եւ ստվերային բիզնեսը: Այդ մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով քարոզարշավի շրջանակում այցելել է Արմավիրի մարզ:

Ըստ նրա՝  իր նախագահության առաջին տարում 50%-ով կբարձրանան կենսաթոշակները եւ աշխատավարձերը, հինգ տարվա ընթացքում 180 հազար աշխատատեղ կավելանա, որոնք հավասարապես բաշխված կլինեն Հայաստանի մարզերով: «Բացի դրանից, կհետաքննվեն կոռուպցիայի հետ կապված բոլոր գործերը, եւ մեղավորները կպատժվեն: Երկրի Սահմանադրությունում կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու փոփոխություններ կկատարվեն: Երկրի Գլխավոր դատախազությունը իրավասու կլինի նախագահի եւ նրա մտերիմների նկատմամբ քրեական գործեր հարուցելու»:

Նախագահի թեկնածուն նաեւ մտադիր է վերանայել ընդերքը խախտումներով մշակող ընկերությունների լիազորագրերը: «Բնությանն անդառնալի կորուստ հասցնող, բնական պաշարների շնորհիվ հարստացողները նույնպես կպատժվեն»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am