Թբիլիսիի քաղաքային դատարանում փետրվարի 8-ին սկսվում է Վրաստանի առաջին նախագահի որդու՝ Ցոտնե Գամսախուրդիայի դեմ դատավարությունը:
Նա ձերբակալվել է անցած տարվա հոկտեմբերին՝ իր հարեւան Դավիթ Բաջելիձեին կենցաղային վեճի ժամանակ վնասվածք հասցնելու համար: Գամսախուրդիա-կրտսերը հերքում է մեղադրանքն ու իր փաստաբանների միջոցով հայտարարում, թե որեւէ մեկի վրա չի կրակել, իսկ կատարվածը կազմակերպվել է հատուկ ծառայությունների կողմից:
Սակայն երբ դատախազության աշխատակիցները ներկայացրին քր.գործի նյութերը, պարզվեց, որ նրան են մեղսագրում նաեւ ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցություն դեռ 2007թ. բողոքի գործողությունների ժամանակ:
Երկրում Ցոտնե Գամսախուրդիայի պաշտպանության կոմիտե է ստեղծվել, որը բողոքի գործողություններ է անցկացնելու տարբեր երկրների դեսպանատների առջեւ:
Ի նշան բողոքի՝ 2009թ. հոկտեմբերին Ցոտնեն հացադուլ էր հայտարարել, որը ձգվեց մեկ ամսից ավելի: Նոյեմբերին նա տեղափոխվել է բանտային հիվանդանոց՝ առողջության կտրուկ վատացման պատճառով:




























