Պոլսահայ հայտնի հասարակական գործիչ, Ակոս թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով 12-րդ դատական լսումը սկսվել է փետրվարի 8-ին։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների գծով դատարանում ամբաստանյալներից ներկա են Օգյուն Սամաստը, Էրհան Թունջելը, Յասին Հայալը եւ Էրսին Յոլջուն, ինչպես նաեւ ստորագրությամբ ազատ արձակված այլ ամբաստանյալներ։

Դատարանում են գտնվում Հրանտ Դինքի ընտանիքի անդամները, քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունից պատգամավոր Ուֆուք Ուրասը, Բրյուսելի եւ Փարիզի փաստաբանների պալատների ներկայացուցիչները։

Դատարանի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա՝ ընդդեմ կատարված ոճրագործության։ «Մենք Հրանտ Դինքի ընտանիքից ենք» կարգախոսով պաստառ էր պահել նաեւ 1940-ականներին թուրք ազգայնականների կողմից սպանված հայտնի գրող Սաբահաթին Ալիի աղջիկը։

Հրանտ Դինքի կինը նշել է, որ առանց զղջման եւ ներողության հայցման՝ այս երկրում փրկություն չկա։ Անդրադառնալով Թուրքիայի կրթության նախարարի Հրանտ Դինքի անունով դպրոց կոչելու մտքերին, Ռաքել Դինքը նշել է. «Թող անեն, կտեսնենք»։