«Ադրբեջանի կողմից ղարբաղյան հարցում ամենամեծ զիջումն այն կլինի, որ ճանաչվի Լեռնայի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը»,-փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց իշխող Հանրապետական կուսակցության անդամ Համլետ Հարությունյանը։
Նրա խոսքով, բոլոր բանակցությունները ենթադրում են երկկողմանի փոխզիջումներ, եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւս բացառություն չէ. «Ես չեմ տեսել այնպիսի բանակցություններ, որոնք երկկողմանի փոխզիջումներ չնախատեսեն»,- նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ հայկական կողմի փոխզիջումները չեն կարող լինել անվայել հայ ազգին։ Նրա խոսքով, բանակցությունների ժամանակ ոչ միայն ադրբեջանական կողմն է տարածքային հարցեր բարձրացնում, այլեւ հայկականը։
«Ձեզ թվում է, որ հայկական կողմը բանակցությունների ժամանակ չի՞ պահանջում հետ վերադարձնել Գետաշենը, Շահումյանը, Արծվաշենը եւ այլ շրջանները»-հարցրեց պատգամավորը։
Նա նաեւ ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտության այս փուլում քիչ հավանական է պատերազմական գործողությունների վերսկսումը։
«Ադրբեջանը պատերազմական գործողությունները կվերսկսի միայն այն դեպքում, եթե համոզված լինի, որ հաղթելու է։ Իսկ այս փուլում Բաքուն այդպիսի համոզվածություն չունի»,- հավաստիացրեց Հարությունյանը։
Պատգամավորին մտահոգում է այն փաստը, որ Հայաստանում ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանքների խնդիրներին բավականին ուշադրություն չեն դարձնում։
Իսկ թե ինչու ինքը չի բարձրացնում այդ հարցը խորհրդարանում, Հարությունյանն ասաց, որ այդ ուղղությամբ ձեռնարկում է ամեն քայլ, նույնիսկ հոդվածներ է գրում։ «Իսկ ի՞նչ եք առաջարկում, „պլիմյոտը“(գնդացիր) վերցնեմ ու սկսեմ կրակե՞լ, թե՞ ինքնասպան լինեմ»,-վրդովված ասաց Հարությունյանը։




























