Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նամակ է հղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որտեղ նշել է, որ փետրվարի 2-ի ԱԺ նիստում պատգամավորներ Առաքել Մովսիսյանը (մականունը «Շմայս») եւ Վազգեն Կարախանյանը անվայել արտահայտություններ են հնչեցրել իր հասցեին:
Զարուհի Փոստանջյանն իր նամակում ԱԺ խոսնակին հիշեցրել է, որ նա, որպես խորհրդարանի ղեկավար, ունի իրավունքներ ու պարտականություններ, մասնավորապես՝ պատգամավորներին կարգի հրավիրելու առումով: Ընդդիմադիր պատգամավորը մատնանշել է ԱԺ կանոնակարգում ընդգրկված բոլոր այդ իրավունքներն ու պարտականությունները, եւ կարծիք հայտնել, թե գուցե Հովիկ Աբրահամյանը դրանք չի կարդացել:
Զ. Փոստանջյանը նամակում նշում է, որ եթե նշված պատգամավորների վարքի վերաբերյալ Հովիկ Աբրահամյանը գնահատական չտա, դա «միանշանակ կփաստի, որ ԱԺ նախագահի կողմից են հովանավորվում „Ժառանգություն“ խմբակցության գործունեության խոչընդոտման փորձերը»:
Հիշեցնենք, որ ԱԺ անցած քառօրյայում հայտարարությունների ժամին, երբ Զ. Փոստանջյանն էր ելույթ ունենում, Վազգեն Կարախանյանն ու Առաքել Մովսիսյանը վիրավորական արտահայտություններ են թույլ տվել` տեղից ռեպլիկներ նետելով: Ամբիոնից իջնելիս Զ. Փոստանջյանը Վ. Կարախանյանին առաջարկել է լքել դահլիճը:




























