Փետրվարի 1-ին ԱԳ նախարար Նալբանդյանն ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՃապոնիայիԱԳՆ Եվրոպական բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ դեսպան Տակեշի Հիկիհարային:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ 2012 թ. հայ-ճապոնական հարաբերությունները նշանավորվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ճապոնիա կատարած պաշտոնական այցելությամբ, որի ընթացքում ՀՀ Նախագահի եւ Ճապոնիայի վարչապետի երկու երկրների միջեւ բարեկամության եւ համագործակցության հետագա խորացման մասին համատեղ հայտարարությունը, ձեռքբերված պայմանավորվածությունները նոր հեռանկարներ բացեցին փոխգործակցության ամրապնդման եւ ընդլայնման համար: ԱԳ նախարարն գոհունակությամբ ասել է, որ թեեւ երկրների միջեւ եղած հեռավորությանը, հայ-ճապոնական փոխշահավետ համագործակցությունը տարեց տարի էլ ավելի է ընդլայնվում եւ խորանում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել անկախությունից ի վեր Հայաստանի զարգացման նպատակով Ճապոնիայի կողմից ցուցաբերված տեխնիկական եւ ֆինանսական աջակցության համար:

Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների ԱԳՆ-երի միջեւ պարբերական խորհրդատվությունների կազմակերպման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման, առեւտրատնտեսական փոխգործակցության խթանման եւ մշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցերին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի միշարք խնդիրների շուրջ:

Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ Այս ենթատեքստում դեսպան Հիկիհարան վերահաստատել է, որ Ճապոնիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ջանքերին ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի երեք հայտնի սկզբունքների հիման վրա: