Սքոթլանդ-Յարդի ավագ սպային դատապարտել են 15 ամիս ազատազրկման` գումարի դիմաց պարբերականի օգտին լրտեսության համար: Այդպիսի դատավճիռ է կայացրել Լոնդոնի Գերագույն դատարանը:
Ահաբեկչության դեմ պայքարի բաժիններից մեկի նախկին ղեկավար Էյփրիլ Քասբերնին բռնացրել են News of the World պարբերականին, ներկայումս չգործող այդ թերթի վերաբերյալ աղմուկ հանած հետաքննության արդյունքների մասին գումարի դիմաց վկայություններ փոխանցելու փորձի ժամանակ:
Քասբերնը մեղադրվել է 2010 թվականի սեպտեմբերին` լրագրողին զանգահարելու եւ թերթի ղեկավարությանը հետաքրքրող գաղտնի տեղեկություններ առաջարկելու համար: Դատախազությունում գործը քննելու ընթացքում հաջողվել է ապացուցել, որ այդ տեղեկությունների դիմաց նա գումար է պահանջել, եւ այս տարվա հունվարի 10-ին Քասբերնը գաղտնի տեղեկություններ տարածելու փորձի համար դատապարտվել է, հաղորդել է «Պրավդա.ռու»-ն:
Քասբերնն առաջինն է այն 50 կասկածյալներից, ում Ռուփերտ Մերդոկի «Նյուս կորպորեյշն» կորպորացիայի աշխատակիցների նախաձեռնությամբ մասնավոր անձանց հեռախոսազրույցները լսելու աղմկահարույց գործի հետաքննության արդյունքում մեղադրանք է առաջադրվել: Մերդոկի մեդիակորպորացիայի շուրջ աղմուկն առաջացել է 2011թվականին, այն բանից հետո, երբ պարզվել է, որ տարիներ շարունակ պարբերականի աշխատակիցներն անօրինական ճանապարհով գաղտնալսել են քաղաքական գործիչների, շոու-բիզնեսի աստղերի եւ այլ հայտնի բրիտանացիների հեռախոսազրույցները:





























